Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակ մարդկանց հոսքը ոչ րոպե չի դադարում․ այսօր ականատես եղանք, որ նույնիսկ տարեց մարդիկ, որոնց համար բավական դժվար է քայլել վերանորոգման նպատակով քարուքանդ արված հրապարակում, ծաղիկները ձեռքերին՝ մի կերպ հասնում են Ազնավուրի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու։
Գյումրու տաքսիներում ու հասարակական տրանսպորտում, որտեղ հիմնականում անճաշակ, ռաբիզ երաժշտություն է հնչում, այս օրերին Ազնավուրի երգերն են։ Վարդանանց հրապարակում ևս միացված են նրա երգերը, նույնը խանութներում ու սուպերմարկետներում։
Անդադար է մարդկանց հոսքը նաև Գյումրու քաղաքապետարան, որտեղ Շառլ Ազնավուրի լուսանկարի ու վառվող մոմերի կողքին դրված է սգո մատյանը։ Նկատեցինք, որ մարդիկ հերթ են կանգնում իրենց սրտի խոսքը գրելու համար, անգամ բանաստեղծություններ կային՝ ձոնված Ազնավուրին։
Շառլ Ազնավուրի հրապարակում այսօր հնչեց դուդուկ, ջութակ, Երևանի կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն իրենց կոմիտասյան կատարումներով հոգեհանգստյան արարողություն կազմակերպեցին։
https://www.youtube.com/watch?v=ak1MWeImPvk&feature=youtu.be
https://www.youtube.com/watch?v=V5SNFUS0Oq0&feature=youtu.be
Այսօր ժամը 18:00-ից նրա անունը կրող հրապարակում ևս կհնչեն Ազնավուրի երգերը, իսկ ժամը 20:00-ին՝ 94 վայրկյան տևողությամբ կանջատվեն հրապարակի լույսերը։
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին էլ հայտարարվում է լռության 94 վայրկյան։
Գյումրու պետական դրամատիկական թատրոնում էլ համազգային սգի պատճառով մեկ օրով հետաձգում են թատերաշրջանի բացումը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ