Այսօր Լոռու մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացուցիչ փոխմարզպետ Արամ Խաչատրյանը ներկայացվեց որպես Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար:
Խորհրդակցությունից հետո փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը հայտարարեց, որ ինքը վարչապետին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք, որ Սերգեյ Սարուխանյանն անկուսակցական է, սակայն ներկայիս պաշտոնում նշանակվել էր նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանի հրավերով. «Ես լինելով անկուսակցական, աշխատանքի եմ հրավիրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: Իսկ իմ զբաղեցրած այդ հաստիքը նախատեսված է եղել տվյալ կուսակցության ներկայացուցչի համար: Եվ տրված է եղել կուսակցության հայեցողությանը: Ես իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել այն փաստի համար, որ ես մշտապես լինելով անկուսակցական, ստացել եմ այդ հրավերը: Բայց միեւնույն ժամանակ սա քայլ էր իմ խղճի ու իմ անձի առաջ: Մարդ պետք է ազնիվ լինի թե՛ իր առաջ, թե՛ հանրության: Եվ ստանձնելով այդ քաղաքական հաստիքը, ես պարտավոր եմ դիմում ներկայացնել, առանց նայելու կուսակցականության կամ անկուսակցականությանը: Սա լոկ ազնվության քայլ էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սարուխանյանը:
Այն հարցին, եթե վարչապետը չստորագրի աշխատանքից ազատվելու դիմումը, կշարունակեք աշխատել ներկայիս պաշտոնում, Սարուխանյանը պատասխանեց. «Քանի դեռ վարչապետի կողմից չի մակագրվել իմ աշխատանքից հեռանալու դիմումը, եւ չկա համապատասխան որոշում, ես նույն ոգով ու սկզբունքներով պետք է շարունակեմ կատարել իմ առջեւ դրված խնդիրները, բարձր նշաձողը չիջեցնելով: Եթե իմ դիմումը չստորագրի վարչապետը, կշարունակեմ աշխատել»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ