Այսօր Լոռու մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ փոխմարզպետ Արամ Խաչատրյանը աշխատակիցներին ներկայացավ մարզպետի ժամանակավոր պաշտոնում:
Լոռու մարզպետն ուներ 3 փոխմարզպետեր: Օրենքի համաձայն, մարզպետի պաշտոնում նշանակվում է այն տեղակալը, որը ժամանակային առումով շատ ավելի վաղ է անցել աշխատանքի:
Արամ Խաչատրյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը պատրաստվում է ամբողջ ներուժով աշխատել հանուն մարզի բարօրության. «Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, կատարենք այն ծրագրերը, որոնք դրված են մեր առջեւ, եւ ուզում եմ նշել, որ վերջին 4 ամիսների ընթացքում մենք կատարել եւ կատարում ենք 19 սուբվենցիոն ծրագրեր»:
Խաչատրյանի խոսքով՝ մարզպետարանում կադրային ջարդեր չեն լինելու, հատկապես պայմանավորված կուսակցական պատկանելությամբ. « Մենք դեմ ենք կադրային ջարդերին, բայց փոփոխություններ չեմ բացառում: Մարզպետարանում քաղաքական պաշտոնները մարզպետի եւ փոխմարզպետերի պաշտոններն են: Քաղաքական իրավիճակներից ելնելով դրանք փոփոխվում են, իսկ ինչ վերաբերում է, նրան, որ կան մարդիկ, ովքեր Հրանտ Մարգարյանի օրոք նշանակվել են, եւ նույնիսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ են եղել, դա դեռ չի ենթադրում, որ իրենք պետք է պարտադիր դուրս գան պաշտոններից»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ