Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան -Մակ Լավեստը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը կարեւոր է Հայաստանի համար, նրա ձեւակերպմամբ, Հայաստանն իր նշանակալի տեղն է զբաղեցնելու այդ գագաթնաժողովում:
«Հայաստանը Ֆրանկոֆոն բոլոր երկրներին եւ անդամ պետություններին ցույց կտա իր դերը Ֆրանկոֆոնիայի եւ ֆրանսերենի տարածման առումով: Այդ պատճառով մեծ հպարտություն եմ զգում այս երկրի համար, այն էներգիայի համար, որ ծախսում է, եւ այն ամենի համար, որ ներկայացնելու է հյուրընկալվող երկրներին: Վստահ եմ, որ բոլոր երկրների ներկայացուցիչները կվերադառնան Հայաստանի մասին այլ պատկերացումներով եւ ընկալումներով, իրական Հայաստանի պատկերով, որը հաճախ լավ չենք ճանաչում: Հայաստանը ցույց կտա իր ջերմությունը, հյուրընկալությունը ողջ աշխարհին»,-ասաց պարոն Ժան-Մարկ Լավեստը:
Նա նշեց, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը արտաքին գործերի նախարարության տրամադրության տակ է դնում շուրջ 400 ուսանողների, որոնք կուղեկցեն Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի առիթով Հայաստան ժամանած պատվիրակություններին:
«Շատ հպարտ ենք, որ մեր ուսանողներն են լինելու Հայաստանի յուրօրինակ դեսպանները օտարերկրյա պատվիրակությունների առջեւ»,- ընդգծեց ռեկտորը:
Ինչ վերաբերվում, է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի այն արտահայտությանը, թե Հայաստանը ֆրանկոֆոն երկիր է համարվում հենց իր ֆրանկոֆոն երիտասարդության շնորհիվ, որոնցից շատերը սովորում են Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, Ժան Մարկ Լավեստը նշեց. «Նման կարծիքը մեծ պատասխանատվություն է նախ եւ առաջ մեզ համար: Իհարկե, շատ լավ ֆրանկոֆոն երիտասարդներ կան նաեւ ԵՊՀ-ում, Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում, բայց մեծ թվով երիտասարդներ ֆրանսերեն են սովորել եւ սովորում հենց մեր համալսարանում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում` Ժան-Մարկ Լավեստը (աջից)`մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի եւ նկարչուհի Ասիլվայի հետ