Շվեյցարաբնակ օպերային երգչուհի, ճանաչված մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ հոկտեմբերի 12-ին Ժնեւի հեղինակավոր «Վիկտորիա հոլում»` Շվեյցարիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված Viva Cello համերգը նվիրվում է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի հիշատակին:
Համերգի կազմակերպիչն է «Ավետիս» մշակութային ասոցիացիան, որ 2011-ին հիմնադրվել է Վարդուհի Խաչատրյանի կողմից` հատկապես հայ մշակույթն ու հայ երաժիշտներին Եվրոպայում ներկայացնելու համար:
Հայազգի մեցցո սոպրանոն հայտնեց նաեւ, որ համերգին հանդես կգան թավջութակահարներ, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը, Ֆրանսիայում «թավջութակի փոքրիկ իշխան» որակումը ստացած Էդգար Մորոն, ինչպես նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը: Նրանք նաեւ կկատարեն Չայկովսկու, Շոպենի, Մասսնեի, Ֆորեյի, Սեն-Սանսի, Պագանինիի, Պիացոլլայի եւ այլոց ստեղծագործությունները:
Համերգի ավարտին հատուկ մատյանում ներկաները կարող են ցավակցությունները հայտնել եւ գրառում կատարել շանսոնյեի հիշատակին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Վարդուհի Խաչատրյանը` Շարլ Ազնավուրի հետ