Aravot.am-ը ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանից հետաքրքրվեց, թե ներդրումների քանի՞ ծրագիր կա, որի շուրջ արդեն նախնական պայմանավորվածություններ կան, սակայն քաղաքական անորոշ իրավիճակի պատճառով հետաձգվում են, ծրագրերը սառեցված են այս պահին: Արսեն Գասպարյանն ի պատասխան ասաց. «Անորոշ վիճակն, իհարկե, ունի իր հետեւանքները, բայց բոլոր դեպքերում, այն ինչ ես գոհունակությամբ կարող եմ նշել, նման հետաքրքրվածություն Հայաստանի հանդեպ, Հայաստանի տնտեսության հանդեպ, երբեւիցե չի եղել: Այս 20 տարիների ընթացքում եղել են ինչ-որ ներդրումներ, աշխատել են, բայց հիմա լրիվ նոր ալիք է ներդրողների, որը չափազանց կարեւոր է»:
Վարչապետի գլխավոր խորհրդականը սակայն այդպես էլ չասաց, թե քանի այդպիսի ծրագիր է սառեցված այս պահին՝ միայն նշելով, որ օրենսդրական խնդիրներն էլ են խոչընդոտներ առաջացնում, որոնք պետք է փոփոխվեն նոր Ազգային ժողովում՝ կառավարության հետ համատեղ:
Մանրամասները՝ տեսանյութում
Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում, Արսեն Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ, Հայաստանի տնտեսական շահերից է բխում արտահերթ խորհրդարանական ընտրությունները. «Եվ, որպեսզի ունենանք այդ պատկերը՝ երկարաժամկետ քաղաքական տեսլական, պետք է ամբողջացվի, որովհետեւ այն գործարարները, որոնք ցանկություն ունեն, հետաքրքրված են, Հայաստանի հետ աշխատելու, նրանք հարցնում են ընտրությունների մասին, քանի որ նրանք տեսնում են, որ գոյություն ունի խորհրդարան, Հայաստանը խորհրդարանական պետություն է, եւ գոյություն ունի ժողովուրդ, որը դեմ է խորհրդարանին: Հետեւաբար այդ ընտրությունները ուղղակի կարագացնեն մեր տնտեսական զարգացումը, քանի որ հետաքրքրվածությունը մեծ է եւ աճում է»:
Վարչապետի խորհրդականի խոսքով, այդ գործարարներն այսօր ուսումնասիրում են մեր շուկան, մարզերը եւ նրանց համար կարեւոր է, որպեսզի քաղաքական ռեալությունն արձանագրվի:
Թե այս ընթացքում, երբ երկրում դեռեւս տեղի չեն ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչ վնասներ է կրել Հայաստանի տնտեսությունը, կառավարությունում չեն հաշվել: Պարոն Գասպարյանի խոսքով, այս ընթացքում կան գործարարներ, որոնք արել եւ պատրաստվում են ներդրումներ անել, սակայն հաշվի առնելով մեր երկրի նկատմամբ հետաքրքրության մեծ ծավալները, ավելի շատ պետք է լինեն ներդրումներ անելու ցանկություն ունեցող գործարարները:
«Եթե այդ թվերի կարիքը կա, իհարկե պետք է ամբողջացնենք ու կիսվենք մեր ժողովրդի հետ: Ուղղակի դրանք նաեւ կապված են այդ ընկերությունների ծրագրերի հետ եւ, երեւի թե, կոռեկտ կլինի նրանց հետ խոսել՝ նոր հրապարակել այդ տվյալները»:
Արսեն Գասպարյանը հույս հայտնեց, որ բոլոր ուժերը, որոնք ներկայացված են խորհրդարանում, անկախ իրենց անձնական շահերից, հասկանում են իրադրությունը եւ հնարավոր կլինի նրանց հետ ինչ-որ կոնսեսուսի գալ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ