Հոկտեմբերի 5-ին Փարիզի Լեզ Էնվալիդ համալիրի բակում սկսվել է Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը: Արարողությանը Շարլ Ազնավուրի ընտանիքի անդամներից բացի, ներկա էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երկրի ողջ պետական վերախավը:
Շարլ Ազնավուրի հոգեհանգստյան արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վեհափառը եւ հոգեւոր ու պետական այլ այրեր:
Նախագահ Մակրոնը դիմավորեց վարչապետ Փաշինյանին, հնչեց նախ Հայաստանի Հանրապետության, ապա Ֆրանսիայի օրհներգը: Երկու երկրների ղեկավարները մոտեցան Ազնավուրի հարազատներին ձեռքսեղմումի ու վիշտը կիսելու: Շանսոնյեի դագաղը դուրս բերվեց «Դլե յամանի» հնչյունների ներքո՝ ծածկված Ֆրանսիայի Հանրապետության դրոշով: Նրան ուղեկցող ծաղկեպսակը ՀՀ դրոշի գույներով էր
Մեծն Ազնավուրին առաջինը հրաժեշտի խոսք հնչեցնելու պատիվը տրվեց Նիկոլ Փաշինյանին: Ապա խոսեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Իր գնահատանքի խոսքում, ՀՀ վարչապետն ասաց, որ 8 տասնամյակ Ազնավուրի անունը ժպիտ է դրոշմել միլիոնավոր դեմքերի վրա, փայլ է ներարկել միլիոնավոր աչքերի մեջ: «Այս անունը 2018-ի հոկտեմբերի 1-ին մի պահ կանգնեցրեց Երկիր մոլորակի եւ միջազգային կյանքի ընթացքը»,-ասաց Փաշինյանը` Վաղինակ Ազնավուրյանի մասին, որ պետք է հետո Շարլ Ազնավուր դառնար:
Հայերեն երգի հնչյունները թեւածեցին Լեզ Էնվալիդ համալիրի կամարների ներքո: Ապա հետեւեց նախագահի Մակրոնի հուզումնալից խոսքը:
Ազնավուրը հեռացավ, նրա հետեւից հնչեցին ամենավերջին բուռն ծափահարությունները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը