Հոկտեմբերի 5-ին «Մեդիա կենտրոնում» ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ-ը) ներկայացրեց 2018թ. իրականացրած «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատում» թեմայով զեկույցի արդյունքները:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական պաշտպանության ծրագրի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը նախ պարզաբանեց, թե ինչու է պետք չափել այն գումարները, որոնք ուղղվում են պետական բյուջեից երեխաների համար. «Պետական բյուջեն արտացոլում է պետության բոլոր առաջնահերթությունները, այսինքն, թե ինչքան է պետությունը տրամադրում իր բյուջեից երեխաներին, հասկանալի է դառնում միայն այն ժամանակ, երբ կարողանում ենք չափել այդ ծախսերը»:
Արմենուհի Հովակիմյանի խոսքերով, այդ ծախսերի չափումը նաեւ հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչքանով է արդյունավետ տարվող քաղաքականությունը` կրթության, առողջապահության, արդարադատության եւ այլ ոլորտներում իրականացված ծրագրերի առումով` երեխաների եւ նրանց իրավունքների համատեքստում:
Հավելենք, որ ուսումնասիրությունն առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում: Այն ներկայացնում է Հայաստանում երեխաներին ուղղված ուղղակի, անուղղակի և ընդլայնված ծախսերը՝ երկրում գոյություն ունեցող պետական քաղաքականության և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի պարտավորությունների համատեքստում:
Ըստ զեկույցի, թեեւ 2012 թվականից ի վեր արձանագրվել է ընդհանուր հանրային ծախսերի աճ, սակայն դրանք երեխաներին համամասնորեն չեն ուղղվել:
«Երեխաներին ուղղված ընդհանուր ծախսերի կեսից ավելին կազմում են կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության գծով ծախսերը: 2012 և 2015 թվականների տվյալները ցույց են տալիս, որ երեխաներին ուղղված ծախսերում կրթության գծով ծախսերի մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար 34.7 % և 31.6 %, սոցիալական պաշտպանության գծով ծախսերի մասնաբաժինը՝ համապատասխանաբար 12.7 % և 12.2 %, իսկ առողջապահության գծով ծախսերի մասնաբաժինը՝ համապատասխանաբար 8.4 և 8.3 %»,- նշված է ուսումնասիրության մեջ:
Արմինե Հովակիմյանը փաստեց, որ Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի մեծ մասն ուղղվել է նրանց կյանքի պահպանման, զարգացման եւ պաշտպանության իրավունքների իրացմանը, մինչդեռ մասնակցության իրավունքի իրացմանը բաժին է ընկել ընդամենը 1-2 %-ը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Մեդիա կենտրոնի