Այսօր վաղ առավոտից Վանաձորի Լենինգրադյան տնակային ավանի բնակիչները հավաքվել էին Վանաձորի քաղաքապետարանի դիմաց, հանդիպում պահանջելով քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:
Նրանք նշում են, որ արդեն 30 եւ ավելի տարիներ է՝ ապրում են տնակներում, եւ ոչ ոք իրենց ուշադրություն չի դարձնում: Քաղաքացիները պահանջում են, որպեսզի քաղաքապետարանն իրենց տրամադրի համայնքապատկան բնակարանները. «Ընթացքում այդ բնակարանները պակասում են: Նկատում ենք, որ իրենք վերցնում են: Չի լինում է այնպես, որ ասեն քաղաքապետարանը տնակային ավանի մի բնակչի հատկացրել է բնակարան: Թող այդ 700 բնակարանները հատկացնեն մեզ՝ տնակային ավանի բնակիչներիս: 30 տարի է դոմիկում ենք ապրում: Ավագանին էլ մեր տնակային ավանի համար ոչ մի բան չի անում, ոչ մի անգամ մեր հարցով հետաքրքրված չեն: Ավագանու ընտրություն լինի՝ բոլորս միահամուռ չենք մասնակցելու, – ասում է թաղամասի բնակիչ տիկին Օվսաննան:
Մինչ Մամիկոն Ասլանյանը կգար քաղաքապետարան, ցույցի մասնակիցները խնդիրը ներկայացրեցին Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանին. «Հանձնաժողովը, որը զբաղվում է տնակային ավանների հարցերով, ամեն ինչ ֆիքսել է: Բայց ՀՀ կառավարության պահանջն էր, որ այդ ամենը նաեւ քարտեզագրված ներկայացնենք: Մենք թվայնացրել ենք, ճշտվել է, որպեսզի համընկնումներ չլինեն քաղաքապետարանում առկա ցուցակների հետ: Հիմա ցուցակներն ուղարկել ենք անձնագրային բաժիններ, որտեղ էլ իրենց ճշտումներն են անում, եւ եզրակացությունը կուղարկեն մեզ: Որից հետո մենք այդ ցուցակները պետք է ուղարկենք մարզպետարան, այնտեղից էլ պետք է ուղարկեն տարածքային կառավարման նախարարություն՝ հետագա ընթացքը լուծելու համար: Կառավարությանը պետք է ելակետային տվյալներ, հասկանալու խնդրի էությունն ու ծավալը, որպեսզի հասկանանք՝ գնման վկայագրերրով, նոր բնակարանների կառուցմամբ, թե հողհատկացումներով է լինելու հարցի լուծումը»,- ասաց Աբովյանը:
Բնակիչները նշում են, որ այլեւս սպասել չեն ուզում: Նրանց խոսքով՝ տնակներում ապրելը դարձել է անհնար. «Ես եմ դոմիկում մեծացել, հիմա էլ իրենք են մեծանում, իմ երրորդ ապագա զինվորն է: Եթե քաղաքապետը, մարզպետը, վարչապետը չեն մտածում պետության, զինվորի մասին, ես խնդրանքով դիմում եմ ձեր ղեկավարներին: Ինձ հանեք էս քաղաքացիությունից, ես իմ երեխաներին տանեմ այն երկիր, որտեղ կհարգեն, կընդունեն ու տնով կապահովեն: Իսկ երեխաս էլ կգնա ու կծառայի տվյալ պետության համար»,- ասաց բնակիչներից մեկը:
Բողոքի ցույցի մասնակիցներին մոտեցավ նաեւ Մամիկոն Ասլանյանը: Նա ասաց. «Բողոքն ուղղորդված երանգ ունի: Այս մարդկանց հետ մենք աշխատում ենք ոչ միայն տուն տալու, այլ նաեւ սոցիալական օգնություն ենք տալիս: Մենք ունենք տնակային ավաններ, որոնց տնակների զբաղեցրած հողերը գուցե մենք կարողանանք օտարել քաղաքացիներին: Նրանք էլ կարողանան դրանց վրա բնակարան կառուցել: Իսկ ինչ վերաբերում Լենինգրադյան տնակային ավանին, այստեղի հողը քաղաքի գլխավոր հատակագծով ենթակա չէ նման բանի: Բացի այդ, քաղաքի կենտրոնական հատվածում տնակային ավան թողնելու հնարավորություն չկա: Մոտ 150 տնակ կա, եւ միանգամից բոլոր տնակային բնակիչներին բնակարանով ապահովելը միլիոնավոր դոլարների ծախս է, եւ համայնքապետարանը նման միջոցների չի տիրապետում: Իսկ իրենց ասած թվի տարբերությունը գալիս է նրանից, որ համայնքապատկան բնակարաններ են համարվում նաեւ այն բնակարանները, որոնք նաեւ սեփականաշնորհված չեն, բայց այդտեղ վարձակալներ կան: Իրենց մոտ բնակարանների թվի տարբերությունը գալիս է այդտեղից, եւ իրենց թվում է, թե 600 կամ 700 բնակարան համայնքապետարանն ազատ ունի եւ իրենց չի տրամադրում»:
Մինչ քաղաքապետը ներկայացնում էր իրավիճակը, բնակիչներից Հովհաննես Գրիգորյանը միջամտեց. «Էս քաղաքապետարանի աշխատողներից ամենքի մոտ 15 բանալի կա, ինձ ասել են՝ գումարը տուր, տունը տամ: Քեզանից չեմ լսել, առաջվա քաղաքապետից եմ լսել, քո աշխատողներից եմ լսել»:
-Ինձանից նման բան լսե՞լ ես, որ ես գումար ուզեմ: Չի կարելի նման բան ասել: Եթե համարում ես, որ նման բան կա, գնա ոստիկանություն, հայտարարություն տուր, ինչի՞ չես տալիս: Դա ինձ ասելու չէ, ես ոստիկանություն չեմ: Ես վաղը չէ մյուս օրը ցուցակներով կգամ, տեսնենք, էդ որտեղ տուն կա, որ ձեզ չենք տալիս,- առարկեց Ասլանյանը:
Մանրամասները՝տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ