ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արհեստական է համարում խոսակցությունները`արտահերթ խորհրդարանական ընտրություններին «կողմ» կամ «դեմ» լինելու մասին: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ եթե վարչապետը հրաժարական է տալիս եւ կուսակցությունները թեկնածու չեն առաջադրում, խորհրդարանին այլ տարբերակ չի մնում, քան լուծարվելը. «Կան ուզելով, կոնսենսուսով ԱԺ ընտրություններ, կան պարտադրված ընտրություններ: Երբ Փաշինյանը հրաժարական է տալիս`դա պարտադրված ընտրություն է»:
Հիմա գնդակը վարչապետի դաշտում է, եթե նա հրաժարական տա`կքննարկեն եւ կորոշեն`ինչ անել: Բայց ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու ինքնանպատակ չի առաջադրելու:
Շարմազանովը կարծում է, որ հարցը պետք է այլ հարթություն տեղափոխել` խորհրդարանական ուժերը պատրաս՞տ են ինքնալուծարման, Սահմանադրական փոփոխությունների, ինչի մասին դեռ օգոստոսի 17-ի հանրահավաքում խոսել էր Նիկոլ Փաշինյանը: «Չեմ կարծում, որ բացի «Ելք»-ից՝ խորհրդարանում կա քաղաքական ուժ, որը պատրաստ է այդ տարբերակին»,- ասաց նա:
Առայժմ Էդուարդ Շարմազանովի դիտարկումներով, Նիկոլ Փաշինյանի քայլերը եւ հայտարարությունները հակասում են միմյանց: Նախապես հայտարարել էր, որ արտահերթ ընտրությունները մայիսին են կայանալու, հիմա ասում է`դեկտեմբեր, հետո ասաց, որ արտահերթ ընտրություն պետք է, որպեսզի ներդրողներ գան, սփյուռքի նախարարն էլ հաստատեց`ներգաղթի եւ ներդրումների համար մարդիկ սպասում են արտահերթ ընտրությունների, բայց երեկ վարչապետի գլխավոր խորհրդականն ասաց, որ ներդրողները արտահերթ ընտրությունների խնդիր չեն դնում. «Դա լո՞ւրջ է: Այսօր մի բան են ասում, մի շաբաթ հետո`այլ բան են ասում: Ամեն ինչ պարզ է. «Կարգին Հայկոյի» ընտրությունից հետո, մարդն ինքն իր մեջ որոշել է`ունեմ էսքան տոկոս, մեկ է Սահմանադրությամբ 70-ից ավելի չեմ ունենա, մի երկու հատ էլ գրպանային ընդդիմություն… անունները չեմ տա, որ չնեղանան, կունենա «պադկանտրոլնի» 100 տոկոսանոց պառլամենտ, կապրեն»:
Էդուարդ Շարմազանովը նաեւ տարակուսում է`եթե ժողովուրդն ասում է, որ արտահերթ ընտրություն պետք է լինի, ինչո՞ւ է կառավարությունը տարբեր օրենքներ բերում խորհրդարան. «Թող հրապարակում ժողովրդով հավաքվեն`քվեարկեն: Երբ իրենց ձեռք է տալիս, պետք է լինում, հիշում են, որ ԱԺ-ն օրենսդիր մարմին է, երբ պետք է`ժողովուրդն է որոշում»:
«Հարգելի պարոն վարչապետ, քաղաքական մեծամտությունը եւ ցինիզմը կործանել է ձեզնից հարյուրապատիկ ավելի ուժեղ գործիչներին: Բոնապարտիզմը կործանել է հենց Նապոլեոն Բոնապարտին: Մենք տեսել ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը 1991-ին 90 տոկոսից ավելի ձայն հավաքեց, բայց 1992-ին չէիր գտնի մարդու, որը նրա հասցեին դրական խոսք ասեր: Միայն «Հայքի» խմբագրությունում եւ ՀՀՇ վարչությունում էին այդպիսի մարդիկ»,- Նիկոլ Փաշինյանին խոսք ուղղեց Էդուարդ Շարմազանովը:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ