ՀՀԿ-ում քննարկումներ չեն եղել, որ եթե այնուհանդերձ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, իրենք վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ են, թե`ոչ: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը: Բայց հավելեց`մեկ, չէ, երկու չէ, տաս հոգի էլ կան իրենց շարքերում, ովքեր կարող են վարչապետ աշխատել:
Գալուստ Սահակյանը չի լսել «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցը https://www.aravot.am/2018/10/05/985416/: Բայց եթե իրենք որոշեն, որ կողմ են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանան դեկտեմբեր ամսին, ինքը խնդիր չի տեսնում. ամեն կուսակցություն ինքն է ընդունում իր որոշումները:
Դիտարկմանը`«Ծառուկյան» դաշինքը կողմ էր ԱԺ կանոնակարգ-օրենքին, իսկ հիմա խոսում են դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրությունների մասին, չի նշանակո՞ւմ, որ երկակի խաղ է, Գալուստ Սահակյանը պատասխանեց`չի կարծում, որ որեւէ կուսակցություն, երկակի խաղ է խաղում:
Նա նորմալ է համարում, որ կլինեն նախագծեր, որոնց բոլորով կողմ կլինեն, կլինի նաեւ հակառակը. «Իրենք կանոնակարգին ոնց էլ քվեարկեին, դա ամբողջ աշխարհում է էդպես`եթե ճնշումներ կան պատգամավորի վրա, որեւէ օրենք առաջ չի գնում»:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ