ՀՀԿ խմբակցությունը լքած ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, ինչպես հայտնի է, նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար: Ուստի Ցոլակյանը դիմել է ԱԺ նախագահին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու հարցով: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր արտահերթ նիստում ասաց, որ ընթացք կտրվի դիմումին:
Նիստում նաեւ քվեարկության դրվեց կառավարության նախագիծը՝ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու եւ հիշարժան իրադարձությունների ժամանակ աշխատանքային օրերը տեղափոխելու համար: Իր ելույթում ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հորդորել էր կառավարությանը այնպես չներկայացնել, թե զրոյից են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի միջոցառումները պատրաստել, նախկին իշխանությունները պատրաստի ամեն ինչ հանձնել են իրենց:
Ի պատասխան՝ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ սրանով իրենք նաեւ ուզում են աշխարհին ցույց տալ, որ չնայած ՀՀ-ում իշխանափոխություն է եղել,քաղաքական իրադարձություններ են եղել, բայց պետական համակարգն անխափան աշխատել է ու հորդորեց Եսայանին տոնայնությունը մեղմել, սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում գնալ Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 63 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: Երկրորդ ընթերցումը կլինի այսօր ժամը 18-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ