Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ պետի դեմ Ռոբերտ Քոչարյանի որդու հայցը կրկին դատարանում է

Հոկտեմբեր 05,2018 13:20

 Լրատվամիջոցները երեկ տեղեկացրեցին, որ երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ պետի, դատարանը վերադարձրել է:

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանն Aravot.am-ին տեղեկացրեց. «Նախևառաջ հարկ է նշել, որ հայցադիմումի վերադարձման պատճառները եղել են զուտ տեխնիկական, որոնք պատշաճ կարգով շտկվել են, և հայցադիմումը նորից մուտքագրվել է դատարան: Ընդգծենք նաև, որ հայցադիմումի բովանդակությունը և հայցապահանջը մնացել են անփոփոխ` պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները»:

Հիշեցնենք, որ 20.09.2018թ․ Սեդրակ Քոչարյանը հայց էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արթուր Վանեցյանի:

Դատարանի որոշման մեջ նշվել էր. «Գտնում եմ, որ ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ենթակա են վերադարձման` հետևյալ պատճառաբանություններով.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են՝

հայցվորի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), այդ թվում` հայցվոր քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները (այսուհետ` անձնագրային տվյալներ), հայցվոր իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները, ծանուցման հասցեն, իսկ եթե հայցը ներկայացրել է դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը` նաև այդ անձի անունը, պաշտոնը,
պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակվելու վայրի հասցեն:

Տվյալ դեպքում հայցադիմումում նշված չեն հայցվոր Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի անձնագրային տվյալները:

Հայցադիմումում պատասխանող Արթուր Գագիկի Վանեցյանի հասցե նշված է «ք.Երևան, Նալբանդյան փողոց, 104 շենք», սակայն պարզ չէ, թե այդ հասցեն Արթուր Վանեցյանի հաշվառման, թե բնակության վայրի հասցեն է, իսկ եթե դատարանն այդ հասցեն պայմանականորեն դիտարկի որպես «գտնվելու վայրի հասցե», ապա այն թերի է, քանի որ նշված է միայն շենքի համարը, իսկ բնակարանի վերաբերյալ որևէ նշում չկա:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 7-ին կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորիª նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ:

Տվյալ դեպքում հայցադիմումը վերնագրվել է «զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին», իսկ խնդրառական մասում նշվել է` «պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները», այսինքն՝ հստակ չէ պահանջը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե՝ չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:

Նման պայմաններում գտնում եմ, որ հայցադիմումը պետք է վերադարձնել` հայցվորի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին դատարան դիմելու համար»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031