«Ծառուկյան» խմբակցությունը չի նահանջել իր դիրքերից: Այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Լրագրողները հետաքրքրվել էին`ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթն արդյոք նշանակում էր, որ ԲՀԿ-ն հետքայլ է արել եւ համաձայն է դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն: Միքայել Մելքումյանն ասաց, որ արտահերթ ընտրությունների մասով քննարկումները դեռ շարունակվում են, գրավոր որեւէ փաստաթուղթ գոյություն չունի, բայց որեւէ քաղաքական ուժ, իր կարծիքով, շահագրգիռ չէ`երկիրը ցնցումների տանել. «Պետական մոտեցումները միշտ էլ գերակշռել են կուսակցական մոտեցումներին»:
Նա հիշեցրեց` Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ տարբեր տեսակի սցենարներ են քննարկվել, բայց վերջնական որոշում դեռ չկա:
Իր հարցազրույցում ԲՀԿ նախագահը նաեւ ասել էր`եթե ժողովուրդը ցանկանա, որ ընտրությունները լինեն դեկտեմբերին, դրանք կլինեն դեկտեմբեր ամսին: Միքայել Մելքումյանը հակադարձեց. «Դե թող մեկն ասի, որ կարող է դեմ գնալ ժողովրդին»:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ