«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի քննարկումները ինչ-որ պահից դանդաղեցին՝ կապված իշխանափոխության գործընթացի հետ, բայց բոլորովին տպավորություն չստեղծվի, թե նոր կառավարությունը զրոյական կետից է սկսել»,- այսօր ԱԺ-ում ասաց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության նախագիծը՝ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել, որը նպատակ ունի հատուկ, հիշարժան իրադարձությունների ժամանակ աշխատանքային օրերը տեղափոխել: Նման միջոցառում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:
Մարգարիտ Եսայանի խոսքով՝ «Այս գագաթնաժողովի կազմակերպումը նախկին իշխանությունների, նախկին արտգործնախարարի, նախագահի, նաեւ պառլամենտի, նաեւ բազմաթիվ պաշտոնյաների հսկայական ջանքերի արդյունքում է ձեւավորվել, նաեւ Շառլ Ազնավուրի մեծ ազդեցությունն է եղել»:
Եսայանը նշեց, որ կեղծ եւ սուտ տեղեկություններ են տարածվել մամուլում Ֆրանկոֆոնիայի միջոցառման հետ կապված, ինչը հերքվել է, բայց կեղծիքը, սուտը, ապատեղեկատվությունը նույնպես պետք է չափ ու սահման ունենան. «Խնդրում եմ ուղղակի չափի մեջ մնաք»: Չմոռանանք, որ այս գագաթնաժողովի սկսումից ի վեր Հայաստանը դառնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահող երկիր՝ դրանից բխող բոլոր պարտականություններով ու նաեւ իրավունքներով: Իմ կարծիքով, ամենակարեւոր միջոցառումը տնտեսական գիտաժողովն է, որից մենք, որպես պետություն, ակնկալում ենք, ֆրանկոֆոն երկրների հետ տնտեսական համագործակցություն, որը մեծ աջակցություն կլինի ՀՀ տնտեսությանը»:
Մարգարիտ Եսայանը դիմեց կառավարությանը՝ ասելով. «Հանկարծ չստեղծեք այնպիսի տպավորություն, թե դուք զրոյից ինչ-որ բան եք ստեղծում, ձեզ պատրաստի մատուցված է այս կազմակերպության նիստը, ընդամենը դուք շարունակում եք: Խնդրում եմ շարունակեք այնպիսի պատվախնդրությամբ եւ այնպիսի որակով, ինչպիսին մենք ձեզ հանձնել ենք»:
Սասուն Միքայելյանը տեղից հեգնական արձագանքեց՝ «Շնորհակալ ենք»: Մարգարիտ Եսայանն ասաց՝ «Սասուն ջան, ամոթ է, էլի»: Սասուն Միքայելյանն էլ, տեղից վեր կենալով՝ բարձր տոնով ասաց. «Ամոթի ի՞նչ կա, ասում եմ՝ շնորհակալ ենք ձեր արածի համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ