Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընտրության թնջուկը 10 ամիս անց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը փորձեց լուծել՝ նախարարությունում անցկացնելով լսումներ՝ բոլոր հայտատու թեկնածուների մասնակցությամբ:
Թեեւ պաշտոնապես մշակույթի նախարարությունը դեռ չի ամփոփել լսումների արդյունքը, բայց, ինչպես մեզ հաջողվեց պարզել, նախարարությունը որոշել է շանս տալ 2 բեմադրիչի՝ Սուրեն Շահվերդյանին եւ ռուսաստանաբնակ ռեժիսոր Կարեն Ներսիսյանին, ովքեր պետք է մեկական բեմադրություն անեն ռուսական թատրոնում, որն էլ կլինի կողմնորոշիչ գեղղեկավարի նշանակման հարցում։
Այդ առիթով Սուրեն Շահվերդյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է մտածում ընտրության եւ նշանակման այս տարբերակի մասին։
-Ես ի սկզբանե, երբ առիթ եմ ունեցել մշակույթի նախարարի եւ փոխնախարարի հետ հանդիպելու, առաջարկել եմ, որպեսզի ավելի հստակ լինի, թե ով կարող է ղեկավարել այս կամ այն թատրոնը, հրավիրել ռեժիսորների, ովքեր հավակնում են ղեկավարել տվյալ թատրոնը։ Թող ներկայացում բեմադրեն, որից հետո պարզ կլինի՝ կարո՞ղ են աշխատել այդ կոլեկտիվում, կարո՞ղ են ընդհանրապես ներկայացում բեմադրել եւ ինչ որակի ներկայացում անել։ Դրանից հետո կարելի է հստակ որոշում կայացնել, թե ով կարող է, ով՝ ոչ։ Սա նաեւ աշխարհում ընդունված տարբերակ է։
-Առիթ ունեցե՞լ եք մյուս թեկնածուների հետ շփվելու եւ համեմատելու միմյանց ծրագրերը, թատրոնի հետ կապված պատկերացումները։
-Կարծեմ՝ բավականաչափ հայտ ներկայացնողներ են եղել ե՛ւ արտերկրից, ե՛ւ Հայաստանից, որոնք իրենց պատկերացումն են ներկայացրել հանձնաժողովին, թե ինչպես են տեսնում թատրոնի ապագան։ Ես նույնպես ներկայացրել եմ իմ հայեցակարգը՝ թատրոնի հետ կապված։
-Կասե՞ք, թե ինչպես եք տեսնում ռուսական թատրոնի հետագա գործունեությունը։
-Չեմ ուզում դա հանրայնացնել, կարճ՝ մի 7 կետով գրված է եղել, թե ինչպես եմ պատկերացնում թատրոնը։ Երբ հստակ որոշում կայացվի, որ ես եմ ղեկավարելու թատրոնը, մյուս օրն արդեն բոլոր կետերը կհանրայնացնեմ, ու հանրությունը կիմանա, թե ինչպես եմ ես ներկայացել ու ինչպես եմ պատկերացնում թատրոնի զարգացումը։ Այսօր չեմ ուզում բացել փակագծերը եւ ասել այն ծրագիրը, որն իմն է։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում