Կառավարությունն ուզում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումների անցկացման նպատակով աշխատանքային օրերը տեղափոխել ու դրա համար անհրաժեշտ է «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել:
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանին հարցրեց. «Սոցցանցերում ահազանգեր են հայտնվում, որ հաշվի առնելով այն արագությունը, որ կազմակերպվում է այս միջոցառումը, գնումների գործընթացը կազմակերպվում է հապճեպ, երբեմն նաեւ ընթացակարգերի խախտումներով: Հաշվի առնելով,որ հսկայական բյուջե է ծախսվում՝ մոտ 1 մլրդ, ֆինանսական պատասխանատուն ո՞վ է, կազմակերպիչը ո՞վ է, որ խորհրդարանը վաղը կարողանա իր վերահսկողության տակ վերցնել այդ գործընթացը»:
Աշոտյանը նաեւ հետաքրքրվեց, թե ԱԺ-ի ներգրավվածությունը ինչպիսի՞ն է լինելու այդ միջոցառումներին. «Եթե չի լինելու, դրա մասին կանխավ ասեք: Եթե լինելու է, ասեք վաղօրոք, որ պատգամավորները կարողանան պլանավորել, օգտակար լինել ընդհանուր գործին, որովհետեւ մենք բոլորս Հայաստան ենք ներկայացնելու: Պատգամավորների շահագրգռությունը, որ հաջողակ լինի այս միջոցառումը, պակաս չէ, քան կառավարության անդամներինը»:
Ռուբինյանը պատասխանեց, որ հրավերներ դեռ չեն ստացել, բայց կլինեն եւ ԱԺ-ն անմասն չի մնա Ֆրանկոֆոնիայից:
Ինչ վերաբերում է գնումների գործընթացին, Ռուբինյանը վստահեցրեց՝ «Ոչ մի ընթացակարգային խախտում գնումների ժամանակ չի եղել եւ չի լինի: Այդ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ