Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա շատ կարեւոր փուլ է Հայաստանի համար՝ հաշվի առնելով նաեւ վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները». Ռուբինյան

Հոկտեմբեր 05,2018 12:38

Կառավարությունն ուզում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումների անցկացման նպատակով աշխատանքային օրերը տեղափոխել ու դրա համար անհրաժեշտ է «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել, որովհետեւ գործող օրենքով միայն տոների եւ հիշատակի օրերի դեպքում կառավարությունը լիազորություն ունի աշխատանքային օրերը տեղափոխել: Այսօր կառավարության առաջարկով ԱԺ-ում արտահերթ նիստ է հրավիրվել՝ օրենքում լրացում անելու համար:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են ընթանում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները, սա աննախադեպ ներկայացուցչական միջոցառում է մեր երկրի պատմության մեջ ու ի՞նչ մտահոգություններ կան: Ֆարմանյանը նաեւ հետաքրքրվեց, թե արտաքին քաղաքական ի՞նչ ակնկալիքներ ունենք, որը մենք սպասում ենք ձեռք բերելու այս միջոցառման արդյունքում:

Ռուբինյանը պատասխանեց. «Ֆրանկոֆոնիայի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ պլանավորածի, համապատասխան գերատեսչություններն աշխատում են, որ ամեն ինչ լավ կազմակերպված լինի: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական կոնտեքստին, գիտեք, որ ժամանելու են բազմաթիվ պետությունների, կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, այդ թվում՝ այնպիսի պետությունների ղեկավարներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Կանադան եւ այլն, սա յուրահատուկ հնարավորություն է Հայաստանի համար խթանել կապերը աֆրիկյան պետությունների հետ, որոնցից շատերի հետ այլ հարթակներում մեր կապերի հնարավորությունները բավականին սահմանափակված են: Ընդհանուր առմամբ այսպիսի մասշտաբի միջոցառման անցկացումը Հայաստանում միանշանակ կմեծացնի Հայաստանի հեղինակությունը միջազգային հարթակում»:

Ֆարմանյանն ասաց, որ բացի նշվածից, գագաթնաժողովն ունենալու է հռչակագիր, երկկողմ հանդիպումների ձեւաչափ, ցանկացած միջազգային հարաբերություններում ծանրակշիռ պետության ղեկավարի այցը Հայաստան ինքնին կարեւոր տեղեկատվական առիթ է, բայց կարեւոր է նաեւ ձեռքբերումների առումով: Նա հորդորեց ներկայացնել այն, ինչ մենք սպասում ենք այդ գագաթնաժողովից բովանդակային առումով, արտաքին քաղաքական առաջնահերթությունների առումով:

Ռուբինյանը պատասխանեց, որ արդյունքների մասին, նախատեսվող հանդիպումների մասին կարող է շատ երկար խոսել, ժամանակը չի բավարարի. «Սա շատ կարեւոր փուլ է Հայաստանի համար՝ հաշվի առնելով նաեւ վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները Հայաստանում: Ըստ էության Հայաստանը այժմ վերահարաբերվում է արտաքին բարեկամ եւ գործընկեր պետությունների հետ եւ կարեւոր է, որ մենք վերստին ծանոթանաք մեր գործընկերների հետ: Սրան են միտված նաեւ երկկողմ հանդիպումները: Սա ցույց է տալիս, որ ՀՀ-ում չնայած քաղաքական փոփոխություններին, կայունությունը պահպանվել է, պետական համակարգը գործել է անխափան, որպեսզի այդ միջոցառումը տեղի ունենա եւ տեղի ունենա պատշաճ կազմակերպված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031