«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գյուղատնտեսության արդեն նախկին նախարար, ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանի հետ։
– Պարոն Խաչատրյան, վերջին դեպքերը սպասելի՞ էին Ձեզ համար։
– Որ նման միջադեպ կարող է լինել, իհարկե, դա սպասելի չէր։ Բայց այն, որ հաղորդակցության մեջ որոշակի խզում էր առաջացել, որը անհանգստացնում էր, դա միանշանակ։ Այդ խզումը ինձ շատ էր մտահոգում, եւ դրա շարունակական լինելը հանգեցրեց նրան, ինչին որ հանգեցրեց։
– Այսինքն՝ մինչեւ տվյալ միջադեպը որոշ խնդիրներ են եղե՞լ։
– Այո։ Որոշակի խզում կար։ Մեր գերագույն մարմնի հայտարարության մեջ էլ դա երեւում է։ Կար ազգային համաձայնության կառավարություն։ Ընտրության ժամկետների, մեխանիզմների, ընտրական օրենսգրքի մասին հարցերը պետք է քննարկվեր կառավարության մաս կազմող քաղաքական ուժերի հետ, եւ այդ ուժերի հետ պետք է ձեռք բերվեր համաձայնություն։ Ամեն դեպքում, մենք հանուն Հայաստանի պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց։
– Կարո՞ղ էր այս ամենը տեղի չունենալ։
– Այո։ Կարծում եմ՝ կարող էր։ Եթե այդ կոմունիկացիոն կանալները խցանված չլինեին, եւ քաղաքական ուժերը, որոնք քաղաքական պատասխանատվություն էին ստանձնել, ազգային անվտանգության կառավարության մաս էին կազմել, նստեին, խոսեին ժամկետների, ընթացակարգերի, օրենքների մասին, հնարավոր էր, որ նման բան չլիներ։
– Շատ քաղաքական ուժեր ասում են, որ ներկայիս քաղաքական իրավիճակը ճգնաժամային է: Դուք ինչպիսի՞ գնահատական կտաք։
– Նայած թե ինչպես են սահմանում ճգնաժամը։ Կառավարությունում մնացել է մի քաղաքական ուժ։ Բնականոն ընթանում է։ Կարող եմ ասել՝ ճգնաժամ չկա, բայց ռիսկեր, իհարկե, կան։ Սահմանումների հետ պետք է շատ զգույշ լինել։ Մի բան մեկի համար ճգնաժամ է, մյուսի համար կարող է մի փոքր բան լինել։ Ըստ իս՝ հիմա իրավիճակը լարված է եւ սպասողական:
Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում