ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների պետք է գնալ իր հրաժարականի ճանապարհով, քաղաքագետներն ու վերլուծաբանները քննարկում են Ազգային ժողովի արձակման այլ տարբերակներ՝ համարելով, որ վարչապետի ընտրած ճանապարհը իր մեջ վտանգներ է պարունակում։
Ծավալվող թեմայի շուրջ զրուցել են վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանի հետ։ Վերջինս քաղաքական այս ճգնաժամը հաղթահարելու չորս ճանապարհ է նշում՝ վարչապետի հրաժարական, Սահմանադրության փոփոխությամբ ԱԺ-ի ինքնարձակում, Սահմանադրության փոփոխությամբ հանրաքվե եւ պլեբիսցիտ։ Բաղդասարյանի պնդմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու տարբերակներից ամենաիրատեսականը վարչապետի ընտրած ճանապարհն է՝ հրաժարականը, թեեւ բոլոր ճանապարհներն ունեն որոշակի ռիսկեր։
Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում մյուս տարբերակները եւ ինչու են ոչ նպատակահարմար։
Նախ, ինչպես «Հայկական ժամանակին» ասաց Բաղդասարյանը, ԱԺ պատգամավորների մեկ երրորդը նախաձեռնում է Սահմանադրության փոփոխություն, որն իրենից միաժամանակ ենթադրում է նաեւ խորհրդարանի ինքնարձակում։ Պատգամավորների արդեն երկու երրորդը որոշում է կայացնում, փոխվում է Սահմանադրությունը, եւ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ԱԺ-ն մեխանիկորեն արձակվում է։
«Սա պակաս ռիսկային տարբերակ է։ Պատգամավորների 2/3-ը Սահմանադրության փոփոխության եւ ինքնալուծարման որոշում է կայացնում, գնում արտահերթ ընտրությունների։ Բայց, ինչպես տեսանք, խորհրդարանական ուժերը չհամաձայնեցին, ասացին՝ չենք գնում ինքնալուծարման»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ այս տարբերակն այլեւս անիմաստ է:
Հաջորդ ճանապարհը հանրաքվեն է՝ կրկին Սահմանադրական փոփոխությամբ։ Այսինքն՝ անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել, եւ որոշակի քվե ստանալով՝ արձակել խորհրդարանը։
Բաղդասարյանն ասաց, որ այս տարբերակի ռիսկն այն է, որ չնայած մենք հանրաքվեի միջոցով փոփոխում ենք Սահմանադրությունը, միեւնույն է՝ ամեն ինչ էլի կախված է լինում պատգամավորներից: «Այսինքն Ազգային ժողովը անմիջականորեն չի արձակվում, եւ կրկին պետք է պատգամավորների հավանությունը։ Իսկ պատգամավորները չեն անի երկրորդ քայլը»,- ասաց նա։ Բացի այս՝ կա նաեւ ժամանակային խնդիր, հանրաքվեն մի օրում չի անցկացվում, այն ժամանակ է պահանջում, եւ արդյունքի չհասնելու դեպքում նորից պետք է գայինք հրաժարականի տարբերակին։
Մյուս տարբերակը պլեբիսցիտն է։ Սա, ինչպես մեկնաբանում է Նիկոլայ Բաղդասարյանը, հանրաքվեի տեսակ չէ, բայց նման իրավիճակ է. «Պլեբիսցիտի պարագայում ողջ բնակչության մեջ հարցում է կատարվում՝ արդյոք Ազգային ժողովը վստահություն վայելո՞ւմ է, թե՞ ոչ։ Բնակչությունն ասում է՝ ո՛չ, չի վայելում, ուրեմն խորհրդարանը պետք է արձակվի, եւ նոր ընտրություններ լինեն»,- ասաց Բաղդասարյանը։
Սակայն այս ճանապարհի վտանգավորությունն այն է, որ, թեեւ պլեբիսցիտը կարճ լուծում է եւ չի պահանջում պատգամավորների համաձայնությունը, այն արտասահմանադրական ելք է. «Այսինքն ժողովուրդն ընտրում է, որոշում է կայացնում, անվստահություն է հայտնում ԱԺ-ին, եւ այդ որոշման վրա խորհրդարանն արձակվում է: Խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը կարող է չընդունել այս լուծումը, կարող ենք լեգիտիմության խնդիր ունենալ, քանի որ սա արտասահմանադրական գործիք է»,- ասաց Բաղդասարյանը։
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում