Այսօր կառավարության առաջարկով ԱԺ-ում արտահերթ նիստ է հրավիրվել՝ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու համար: Ինչպես զեկուցեց փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը, գործող օրենքով կառավարությունը բացառապես տոներին ու հիշատակի օրերին կարող է տեղափոխել աշխատանքային օրը, բայց գործնականում առաջանում է օբյեկտիվ անհրաժեշտություն աշխատանքային օրերի տեղափոխման: Մասնավորապես, նման անհրաժեշտություն ծագում է, երբ մեծամասշտաբ միջոցառում է կազմակերպվում երկրում եւ մեծ թվով պատվիրակություններ են գալիս: Այս դեպքում պետք է փակել որոշ փողոցներ, քաղաքացիներին անհարմարություններ են պատճառվում, խցանվում են մի շարք փողոցներ, երթեւեկությունը կաթվածահար է լինում: Ուստի կառավարությունը փորձում է իրավական հիմք ստեղծել՝ քաղաքացիներին քիչ անհարմարություն պատճառելու եւ հյուրերին պատշաճ ընդունելու, նրանց անվտանգությունը պահպանելու համար:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց. «Իհարկե, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի կայացումը ՀՀ-ում մեծ միջոցառում է եւ պատշաճ ձեւով իսկապես պետք է նախապատրաստվել, ես հասկանում եմ, որ մեծաթիվ երկրների ղեկավարների,պատվիրակությունների այցը կարող է տրանսպորտային երթեւեկության խափանումներ առաջացնել, հետեւաբար այն կանխարգելելու որոշակի միջոցառումներ պետք են: Բայց խնդրում եմ բացատրեք՝ ի՞նչ կապ ունի մեղրեցին, լոռեցին, իջեւանցին, ինչո՞ւ պետք է մեղրեցի երեխան դպրոց չգնա, իր ծանրաբեռնվածության հիմնական գրաֆիկը խախտի, ինչպես նաեւ պոլիկլինիկայի աշխատողները, բուժաշխատողները, որովհետեւ Երեւանում նման միջոցառում է: Ինչո՞ւ պետք է ամբողջ հանրապետությունով մեկ հայտարարվի ոչ աշխատանքային օր, թե՞ համարում եք, որ Երեւանն է ամբողջ Հայաստանը»:
Ռուբինյանը պատասխանեց, որ անշուշտ, Երեւանը Հայաստանը չէ, բայց քանի որ հնարավոր էլ չէր միայն Երեւանում աշխատանքային օրերը տեղափոխել, հետեւաբար ընտրվել է այս տարբերակը. «Մարզերի բնակիչների համար նույնպես Ֆրանկոֆոնիան կարող է նշանակություն ունենալ: Լոռեցի երեխան էլ կարող է Երեւանում մասնակցել միջոցառումներին»:
Ըստ Կյուրեղյանի, եթե ամբողջ մարզերից պիտի գան, ուրեմն խցանումներ կառաջանան, հետեւաբար ինչո՞ւ են օրենքի ընդունումը բացատրում նրանով, թե խցանումներից ենք խուսափում: Ռուբինյանը չհամաձայնեց՝ ասելով, որ աշխատանքային օրերին խցանումների ռիսկը ավելի մեծ է ու աշխատանքային օրերը տեղափոխելով՝ հենց այդ հարցն են լուծում:
Կյուրեղյանը նաեւ հարցրեց՝ «բացատրությունների մեջ նշում եք, որ 4 եւ ավելի երկրների ներկայացուցիչների մասնակցության դեպքում աշխատանքային օրերը տեղափոխել է պետք, դա ուժի մե՞ջ է մնում: Այսինքն, ստացվում է, որ ցանկացած պահի եթե որեւէ 4 երկրի ղեկավար որոշի գալ Հայաստան, ամբողջ Հայաստանում պետք է աշխատանքային գրաֆիկը շեղվի՞»:
Ռուբինյանը պատասխանեց, որ 4 եւ ավելի երկրների ղեկավարներ ձեւակերպումը հանել են, դա ուժի մեջ չէ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ