Այն, որ Հայաստանի քաղաքական համակարգը կայացած չէ, չեն գործում հավասարակշռության մեխանիզմները և իրավիճակը առավել քան միատարր է թավշյա հեղափոխությունից հետո, կասկածից վեր է: Այստեղ չկա քննարկման կամ բանավեճի առարկա: Սակայն երբ այդ իրողությունները փորձ է արվում կապել խորհրդարանի արտահերթ ընտրության լինել-չլինելու հետ, փորձ է արվում դրանով հիմնավորել կամ փաստարկել, որ ընտրությունը չի ունենա դրական էֆեկտ, և պետք է սպասել քաղաքական համակարգի, այսպես ասած, բալանսավորմանը, ապա այստեղ առաջանում է ոչ միայն քննարկման ու բանավեճի առարկա, այլ պարզապես նենգափոխվում է քաղաքական իրավիճակի բնականոն զարգացման տրամաբանությունը:
Որպես կանոն, այդօրինակ փաստարկներով ներկայացող սուբյեկտները բացի «սպասելուց», չեն ներկայացնում որևէ այլ գործուն անելիք կամ մեխանիզմ, միաժամանակ նաև չափելի արդյունքի որոշակի համակարգ, որով հնարավոր կլիներ գալ եզրահանգման՝ պատրա՞ստ է քաղաքական դաշտն ընտրության, թե՞ ոչ: Ինչքա՞ն է պետք սպասել, ինչքա՞ն ժամանակ պետք է անցնի, որպեսզի համարենք, որ այսպես ասած՝ քաղաքական դաշտը պատրաստ է ընտրության: Կամ ո՞րն է այդ քաղաքական դաշտը, մեկ-երկու տոկոս ունեցող ուժե՞րը: Նրանց տոկոսները պետք է փոխվե՞ն մի քանի ամիսների ընթացքում: Կամ՝ այդ ուժերն իրենք պետք է փոխվե՞ն, դառնան ավելի բովանդակալից, դառնան քաղաքական, թե՞ ամբողջ հույսն այն է, որ պարզապես Նիկոլ Փաշինյանը կսկսի չհաջողել, կլինի անարդյունավետ և դրանով ինքնաբերաբար կամ ինքնըստինքյան կբարձրանան իրենց շանսերը:
Այն, որ խոսվում է համակարգային օրենքներ ընդունելու անհրաժեշտության մասին, իհարկե կարևոր է, բայց դա ծանրակշիռ փաստարկ է ոչ թե ընտրությունը զսպելու, այլ հակառակը՝ հնարավորինս արագ իրականացնելու օգտին: Որովհետև տարօրինակ է մտածել, որ նախորդ համակարգի գերակշռող մեծամասնության ենթակայության տակ գտնվող խորհրդարանում հնարավոր է արդյունավետ կերպով իրականացնել համակարգային ռեֆորմներ, որոնց ամբողջ իմաստը պետք է լինի հենց նախորդ համակարգը մեր կյանքից արմատախիլ անելը: Ռեֆորմը չի կարող ունենալ այլ իմաստ:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում