Երեկ կեսգիշերին վերջապես եթեր հեռարձակվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս կուսակցության ղեկավարն այդպես էլ չէր արձագանքել ներքաղաքական վերջին իրողություններին, երբ Փաշինյանը կառավարությունից հեռացրեց ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին՝ հայտարարելով նրանց հակահեղափոխականներ, ապա նրա հարցազրույցը սպասված էր։
Ծառուկյանի շեշտադրումներն ուշագրավ էին, ու տպավորություն էր, թե թավշյա հեղափոխությունը մեծամասամբ նրա շնորհիվ է եղել։ Մի կողմից Ծառուկյանը հայտարարեց, որ ինքն ամենամեծ աջակցությունն է ցուցաբերել Փաշինյանի հեղափոխությանը, մասնավորապես, Երեւանում Փաշինյանի հանրահավաքների մարդաշատությունն իր շնորհիվ էր, ինքն է մեքենաներով ջուր ուղարկել ցուցարարներին։
Նա հայտարարեց, թե հրաժարականից առաջ բավական կոշտ խոսակցություն է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, նույնիսկ վերջինս ասել է, թե իրեն թիկունքից խփել են։ Ծառուկյանը պատմեց, որ Սարգսյանը զանգահարել է իրեն, բայց ԲՀԿ նախագահն ասել է, որ եթե ինքը նրա գործընկերը լիներ, կողքին կանգնած կլիներ։ Ծառուկյանը հիշեցրեց նաեւ, որ իրենք օգնել են, որ ապահովվի Փաշինյանին ԱԺ-ում երկրորդ անգամ վարչապետ առաջադրելու համար անհրաժեշտ թվով պատգամավորների ստորագրությունը, հետո քվեարկել են նրա օգտին։ Կարճ ասած՝ նա որոշել էր հիշեցնել իր արածները։
Միաժամանակ Ծառուկյանը կտրականապես հերքել է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ կապը, այդ առնչությամբ նույնիսկ «հայհոյանք դրեց»՝ նաեւ հիշեցնելով 2015թ. իր դեմ կատարվածը, ասաց, որ ՀՀԿ-ի հետ ոչ մի դեպքում չի համագործակցի։ «Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան իմ «Բարգավաճի» հետ կապ չունեն, եւ նրանք չեն կարող «Բարգավաճով», իմ միջոցով ինչ-որ գան քաղաքականություն»։
Կարճ ասած՝ նա երեկ փորձում էր սպիտակների դաշտում խաղալ՝ նույնիսկ ցույց տալով որ իրենց համար կարեւոր չէ կառավարության կազմում լինել-չլինելը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում