Այսօր կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել եւ օրակարգում մեկ հարց է՝ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել, որպեսզի կարողանան հատուկ իրադարձությունների, միջոցառումների ժամանակ աշխատանքային օրերը տեղափոխել:
Այս նախագծի քննարկման ժամանակ կառավարությունում բավականին քննարկումներ էին ունեցել, թե ինչպես ձեւակերպեն օրենքում, որովհետեւ այս անգամ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի համար է սա արվում, բայց այնպես չպետք է ստացվի, որ կառավարությունը երբ ուզենա՝ աշխատանքային օրերը կտեղափոխի:
Կառավարությունը նաեւ առաջարկում է օրենքը ընդունել 24 ժամվա ընթացքում: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հարցրեց, թե հարցի հրատապությունն ինչո՞ւմ է կայանում: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ հրատապությունը պայմանավորված է Ֆրանկոֆոնիայի միջոցառմամբ, որը տեղի է ունենալու ամսի 7-12-ը: Ըստ Բաբուխանյանի, Ֆրանկոֆոնիայի մասին հայտնի էր դեռեւս անցյալ տարվա նոյեմբերից. «Դուք նո՞ր իմացաք, որ Ֆրանկոֆոնիա պետք է լինի եւ հարցը այսպես արտակարգ կարգով բերեցիք»: Ռուբինյանը պատասխանեց. «Անշուշտ, նոր չիմացանք, որ Ֆրանկոֆոնիա է լինելու, մտադրությունը, որ աշխատանքային օրերը տեղափոխենք, եղել է վերջերս, հետեւաբար հիմա ենք նախագիծը ներկայացնում»:
Գործող օրենքով կառավարությունը բացառապես տոներին ու հիշատակի օրերին կարող է տեղափոխել աշխատանքային օրը, բայց գործնականում առաջանում է օբյեկտիվ անհրաժեշտություն աշխատանքային օրերի տեղափոխման: Մասնավորապես, նման անհրաժեշտություն ծագում է, երբ մեծամասշտաբ միջոցառում է կազմակերպվում երկրում եւ մեծ թվով պատվիրակություններ են գալիս:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ