Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը օրենքով նախատեսված կեցավայրի տրամադրման շուրջ կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ քննարկումների ամբողջ ընթացքում երբեք պահանջներով հանդես չի եկել: Այդ մասին Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Ս.Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը։ Նա նշեց, որ գրասենյակը որևէ բազմամիլիոնանոց առանձնատուն առավել ևս չի պահանջել:
«Սերժ Սարգսյանի գրասենյակը քննարկումների ամբողջ ընթացքում որևէ պահանջ չի ներկայացրել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ պայմանավորվել էինք, որ նախագահ Սարգսյանի համար կեցավայր ընտրելու հարցում որպես չափանիշ ընդունվելու են ՀՀ առաջին և երկրորդ նախագահների համար արդեն գտնված լուծումները: Լուծումը պետք է լիներ տրամաբանական՝ համապատասխանելով նման կեցավայրի անվտանգության պահանջներին», – ասաց Ն.Պետրոսյանը։
Նա նշեց, որ այս ընթացքում Սերժ Սարգսյանը նպատակահարմար չի գտել ընդունել կառավարության կողմից առաջարկված կեցավայրի տարբերակը` մի շարք դրդապատճառներից ելնելով:
«Նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, որ այլևս չի բնակվելու կառավարական ամառանոցում և ողջամիտ ժամկետում դուրս կգա այդ տարածքից՝ տեղափոխվելով այլ առանձնատուն», – տեղեկացրեց Նաիրի Պետրոսյանը: