Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» խմբակցության անդամ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ վստահ է, որ դա ավագանու ընտրություն չէր, այլ ընդամենը հանրաքվե, օրակարգն ավագանու ընտրություններից ամբողջությամբ շեղվել էր, ու երևանցիներին պարտադրվել էր մեկ հարց` հեղափոխությանը վստահու՞մ են, թե՞ ոչ։
–Հին ուժերի ռեստավրացիա՞ պետք է լինի, որովհետև, եթե ընտրությունները լինեն դեկտեմբերին, նոր ուժեր հազիվ թե կազմավորվեն։
-Չեմ կարծում, որ հին ուժերի ռեստավրացիա հնարավոր է։ Քաղաքական գործիչը պետք է լինի այնպիսին, որ քնած տեղից էլ արթնացնես, ասես՝ քաղաքական գործընթաց կա, դրան մասնակցելուն պատրաստ լինի։ Այն, որ քաղաքական նոր ուժեր ստեղծողներ կան, պարզ է, բայց դրանցում չեն լինի քաղաքական փորձառություն ունեցող, ճանապարհ անցած գործիչներ, որոնք, գիտեն` ինչ է քաղաքականությունը, ոչ թե ցանկություն ունեն դրան մասնակցելու։
–Իսկ հասարակությունը ճանապարհ անցածներին վստահու՞մ է։
-Հասարակությունը ինչու չպետք է վստահի, օրինակ, Հրանտ Բագրատյանին։ Կան մարդիկ, քաղաքական թիմեր, որոնք կարող են հասարակությանը մատուցել այն, ինչ պետք է և ինչ հասարակությանն անհրաժեշտ է։ Չի կարելի ասել` նոր քաղաքական իրավիճակ է, ու պետք է մոռանալ ամեն ինչ։ Քաղաքական գործիչների մի ստվար հատված կա, որն ունի հսկայական փորձ, ինչն անհրաժեշտ է պահպանել, զարգացնել ու փոխանցել։ Մեր հասարակությունը երկար տարիներ եղել է մեկ քաղաքական միավորի լծի տակ և այսօր դրանից ազատագրումը համարում է բացարձակ ձեռքբերում, մնացած հարցերն այս փուլում չի կարևորում։ Շատ կարճ ժամանակ անց կլինեն քաղաքական ուժերի տարբերակումներ։
–Դուք կմասնակցե՞ք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
-Հիմա կարևոր է հասկանալ` երբ են լինելու այդ ընտրությունները, ինչ քաղաքական դասավորությամբ։ Կարծում եմ, եթե ընդհանրապես չլինեն էլ, այսօրվա գործիքակազմը թույլ է տալիս շարունակել աշխատել, որևէ վտանգ չկա ներկայիս իշխանության և ժողովրդի համար։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում