Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. Համաներման նախագիծը պատրաստ է եղել դեռևս մայիսին

Հոկտեմբեր 05,2018 10:15

Համաներում հայտարարելու մասին

Հարգելի ընկերներ

Թեև Հայաստանի ՔԿՀ-ներում այսօր չունենք գերբեռնվածության խնդիր, ավելին, ներկայում գրանցված է դատապարտված և կալանավորված անձանց ամենացածր ցուցանիշը (1870 դատապարտյալ և 1101 կալանավորված անձ), այդուհանդերձ, Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ որոշեց դիմել բացառիկ քայլի և Կառավարության այսօրվա նիստում դռնփակ ռեժիմով քննարկված «Համաներման մասին» օրենքի նախագիծն արժանացրեց հավանության: Այն պետք է ընդունի Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Նոր կառավարության կազմավորման առաջին իսկ օրվանից աշխատել ենք այս նախագծի վրա ու այն պատրաստ է եղել դեռևս մայիսին, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաներումը զուտ քաղաքական գործընթաց չէ, այլև՝ իրավական, կառավարչական և որը պահանջում է խորը ուսումնասիրություն ու վերլուծություն, հաշվարկ, կանխատեսումներ՝ այն այսօր ներկայացվեց Կառավարության հաստատմանը:

Սիրելիներս, համաներմանը չի կարելի վերաբերվել որպես մեխանիկական գործընթացի, իսկ առիթին, որպես՝ պատրվակի: Այս համաներումը կատարվում է ի նշանավորումն Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի: Պետք է գիտակցել, որ Կառավարությունը, Ազգային ժողովը, պետությունը, դատապարտյալին, հանցագործության մեջ կասկածվողին ներում է, ազատում է պատժից հանրության անունից՝ ում դեմ ուղղված է եղել ներվողի կողմից գործած հանցանքը, ում առջև նա մեղք է գործել (առաջնորդվում ենք դատական ակտերի օրինականության կանխավարկածով՝ չմասնավորեցնելով այն դեպքերը, երբ դատական ակտերի արդարացիության նկատմամբ առկա է հանրության տարակուսանքը): Անձը պետք է փոխի իր վարքագիծն ու վերաբերմունքը հանրության, պետության, մարդու և մարդու իրավունքների հանդեպ և, ազատության մեջ հայտնվելով, անի առավելագույնը՝ անազատության ու քրեակատարողական հիմնարկների ճանապարհը մոռանալու համար, իսկ ներվածի կողմից կրկին հանցանք կատարելու, անձանց՝ հանրության ներկայացուցիչների իրավունքները խախտելու դեպքում, Կառավարությունը կկորցնի այն վստահության ռեսուրսը, որ ստացել էր հանրությունից:

 

Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆ

ՀՀ արդարադատության նախարար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031