Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախկինները» դիմադրում են, հեղափոխականները՝ կոտրում

Հոկտեմբեր 05,2018 10:00

Առայժմ չի եղել պատմության մեջ որեւէ հեղափոխություն, որոնք իրագործողները, զրկելով «նախկիններին» իշխանությունից, հայտարարեին՝ «դե, մենք գնացինք տուն, հիմա ով ուզում է՝ թող երկիր ղեկավարի»: Նա, ով քշում է «նախկիններին», նա էլ ստանձնում է երկրի ղեկը: Դժվար է նաեւ պատկերացնել հեղափոխություն, որտեղ «նախկիններն» ասում են՝ «մենք պարտվեցինք, դե, գնացինք տուն»: «Նախկիններն» այս կամ այն չափով դիմադրում են, եւ, կախված իրենց լծակների քանակից եւ ազդեցությունից,  դիմադրությունը լինում է ուժգին կամ թույլից չափավոր:

Հեղափոխականները, բնականաբար, փորձում են կոտրել այդ դիմադրությունը՝ իրենց ձեռքի տակ եղած միջոցներով: Մեր «նախկինների» ռեսուրսը փողն է եւ առայժմ նաեւ Ազգային ժողովը՝ կռիվն այսօր հենց դրա համար է: Մեր հեղափոխականների ռեսուրսը ուժային կառույցներն են, որտեղ ժամանակ առ ժամանակ տարվում են «նախկինների» առավել օդիոզ ներկայացուցիչները (ոմանց, հնարավորության դեպքում, «փակում են») եւ, իհարկե, քաղաքացիների մեծամասնությունը, որն այժմ հեշտությամբ մոբիլիզացվում է վարչապետի առաջին իսկ կոչով: Այս ամենի մեջ ոչ մի արտառոց, անգամ հուզիչ բան չկա՝ սովորական պայքար է իշխանության համար: Իսկ իշխանությունը քաղցր բան է թե՛ կոռումպացված եւ թե՛ ոչ կոռումպացված գործիչների համար՝ քաղաքական գործիչ են դառնում նրանք, ում դուր է գալիս մարդկանց վրա իշխելը, նրանց վերահսկելը, մատի թեթեւակի շարժմամբ 10, 100 կամ 10 հազար մարդու ուղղություն ցույց տալը:

«Նախկինները» շուտով զրկվելու են Ազգային ժողովից, որը կլուծարվի, ինչպես նաեւ փողի որոշակի մասից՝ ուժային կառույցների գործողությունների միջոցով: 1-2 տարուց նրանց գոյության մասին գրեթե չեն հիշելու: Բայց հեղափոխականների «ժողովրդական ռեսուրսը» նույնպես անսպառ չի՝ ամեն առիթով «սատարող զանգվածներին» կանչելն անհնարին է: Եթե մարդիկ չսկսեն էապես ավելի լավ ապրել, ապա 10-րդ կամ 20-րդ «մոբիլիզացիոն կոչից» հետո նրանք իրենց հարց կտան՝ «այդ ո՞ւր եմ ես վազում եւ ի՞նչ եմ վանկարկում»: Դրա համար քաղաքական խնդիրները լուծելիս միայն հավաքների ու վանկարկումների վրա հույս դնելն իրատեսական չէ: Պետք է գործեն պետական մեխանիզմները, ինչպես ընդունված է ասել` օրենքի տառին համապատասխան:

«Նախկինների դիմադրության» վերջին դրվագի մասին: Եթե ճիշտ են այն ենթադրությունները, որ «ըմբոստ» պատգամավորներին այժմ «տիրություն է անում» Ռոբերտ Քոչարյանը, ապա ես, օրինակ, կվարանեի վստահել նրանց բանավոր հավաստիացումներին եւ ջենթլմենական պայմանավորվածություններին: Երկրորդ նախագահի մասին լիքը լավ եւ վատ բաներ կարելի է ասել,  բայց մի բան հաստատ է՝ նա ջենթլմեն չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ ՝նախկինների՝ վերջնական տերը հայ ժողովուրդը չի, էս խեղճերը ընկել են երկու քարի արանքը՝ մի կողմից ստիպված պետք է ենթարկվեն իրենց ոչ հայ տիրոջ հրամանին, մյուս կողմից՝ հայ են, բայց երեւում է ոչ այնքան խելքով պլոճիկով, որ կարողանային իրենց կուսակցության մեջ ապստամբեին, մաքրեին ղեկավարությունը հետամնաց մանկլավիկներից ու հետեւեին իրենց կուսակցության գաղափարախոսության էությանը: Ժողովուրդը լավ հայասեր կուսակցությունների մեծագույն կարիք ունի, մեկը քիչ է, լավերի միջից պետք է լավագույնին ընտրի եւ ոչ թե երբ մեկը լավն է, իսկ մնացածը քխ: Եթե հեղափոխություն չանեն իրենց կուսակցությունների մեջ, պատմության մեջ այդպես էլ կմնան որպես քխերի շարժում, բայց հայ քխ չի լինում, ուրեմն թող իրենց ազգությունից հրաժարվեն ու գնան իրենց տերերի երկիրը ազգային ապաստարան գտնեն:

  2. Seyran says:

    Ըստ Կոնֆուցիոսի վայ մեր ժողովուրդին,քանի որ հարյուր տարի է ,,բարեփոխումների,,ժամանակաշրջանում ենք ապրում….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031