«Առավոտի» (27.09. 2018) «ՃՈ-ն ու քաղաքապետարանը գործը մեկը մյուսի վրա են գցում» հրապարակմամբ անդրադարձել էինք Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Գրիբոյեդով-Նաիրի Զարյան խաչմերուկից քաղաքացիների դժգոհություններին: Այդ տարածքը, ինչպես բնակիչներն են պատմել «Առավոտին», վտանգավոր է, գծանշում չկա, ընդ որում՝ այդ հատվածում երթեւեկությունը լավ չի կազմակերպվում, համապատասխան նշաններ չկան, եւ ամեն անգամ փողոցն անցնելիս հետիոտներն ու վարորդները հայտնվում են վթարային իրավիճակում: Մեզ հետ զրույցում բնակիչները պատմել են, որ մի քանի անգամ պատահել է, երբ փողոցն անցնելիս «մազ էր մնում» ավտովթարի չենթարկվեին, ժողովրդի լեզվով ասած՝ «մեքենայի տակ չընկնեին»:
Բնակիչներն այս խնդիրը կարգավորելու համար դիմել էին ճանապարհային ոստիկանությանն ու Երեւանի քաղաքապետարանին, սակայն խնդիրը այդպես էլ չի լուծվել, ոստիկանությունը որպես խնդրի լուծման պատասխանատու նշել է քաղաքապետարանին, վերջինս էլ սկզբում գցել է ոստիկանության վրա, հետո մերժել:
«Արարա» զբոսաշրջային ընկերության տնօրեն Նունե Թաթունցն «Առավոտին» պատմել էր՝ Գրիբոյեդով-Նաիրի Զարյան խաչմերուկում, ավելի կոնկրետ՝ Նաիրի Զարյան փողոցի վրա գծանցում չկա, ընդ որում, դա բավականին ծանրաբեռնված փողոց է: Ճանապարհային ոստիկանությունից Թաթունցին եւ տարածքի բնակիչներին հայտնել էին, որ դա իրենց լիազորությունների շրջանակում չէ, դիմելու են քաղաքապետարան: Քաղաքապետարանից ասել էին, որ այդտեղ մայթ չկա, իսկ գծանցումը պետք է լինի մայթից մայթ: «Քաղաքապետարանից ասել էին՝ քանի որ մայթ չկա, իսկ երթեւեկությունն իսկապես վտանգավոր է, մենք արհեստական անհարթեցում կանենք, որպեսզի երթեւեկությունը դանդաղի, եւ դուք կարողանաք նորմալ անցնել փողոցը»: Ըստ Թաթունցի, ոստիկանությունը վստահեցրել էր՝ քաղաքապետարանը պետք է այդտեղ մայթ կառուցի. «Երբ կառուցի, նորից կքննարկենք այդ հարցը եւ այդ ժամանակ ինչ-որ լուծում կտանք»,- ասել էր Թաթունցը՝ այս պատասխանը ներառելով իր եւ բնակիչների նամակում՝ ուղղել էր Երեւանի քաղաքապետարան:
Ճանապարհային ոստիկանությունը նամակով դիմել էր Երեւանի փոխքաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին. «Հարգելի պարոն Արեյան, Երեւան քաղաքի Նաիրի Զարյան-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկի հատվածում հետիոտնային անցում կազմակերպելու առաջարկության հիման վրա ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից ուսումնասիրվել է վերը նշված խաչմերուկի հատվածը, որի արդյունքում պարզվել է, որ նշված մայթերը գտնվում են անբարեկարգ վիճակում: Մայթերի բարեկարգման աշխատանքներ իրականացնելուց հետո ճանապարհային ոստիկանությունը պատրաստակամ է համատեղ ուսումնասիրություններ եւ քննարկումներ անցկացնել»:
Օրերս Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչութան պետի ժամանակավոր պաշտոնակատար Շաքարյանը պատասխանել է Նունե Թաթունցի դիմումին: Ըստ էության քաղաքապետարանը կրկին մերժել է:
«Ձեր՝ 18.09.2018 թվականի դիմումի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ տեղում կատարված ուսումնասիրություններից պարզվել է՝ Նաիրի Զարյան-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկի հարակից սեփական տների դիմաց մայթ կառուցելու համար, ելնելով տեղանքի թեքությունից, անհրաժեշտ կլինի նախ կառուցել 200-250 գծմ հենապատ եւ կատարել մեծ ծավալի հողային լիցքի աշխատանքներ, կառուցել աստիճաններ:
Հաշվի առնելով, որ Երեւանի քաղաքապետարանի ընթացիկ տարվա ծրագրերով նախատեսված հենապատերի վերանորոգման աշխատանքներն ավարտման փուլում են, եւ նոր աստիճանների կառուցման ծրագրեր նախատեսված չեն, վերոնշյալ աշխատանքներն այժմ իրականացնել հնարավոր չէ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Կոմիտասի անցուղում՝ դեպի Գրիբոյեդով փողոցի ուղղությամբ տեղադրված են արագությունը սահմանափակող եւ նախազգուշացնող այլ նշաններ»,- գրված է քաղաքապետարանի՝ բնակիչներին ուղղված նամակում:
Նունե Թաթունցը մեզ հետ զրույցում արձագանքելով քաղաքապետարանի պատասխանին՝ ասաց. «Չհասկացա, թե ինչ աստիճանների մասին են խոսում: Ճանապարհային ոստիկանությունը նշել էր, որ բարեկարգ մայթ չկա, չեն կարող գծանշում անել, դա կարող են անել, երբ քաղաքապետարանը մայթ կառուցի: Հիմա քաղաքապետարանը գրել է՝ անհրաժեշտ է կառուցել 200-250 գծմ հենապատ եւ կատարել մեծ ծավալի աշխատանքներ, ու չհասկացա, թե որ հատվածում: Սակայն մինչ այս քաղաքապետարանից վստահեցնում էին, որ եթե մայթ չկառուցեն, ապա գոնե արհեստական անհարթեցում կանեն, որպեսզի երթեւեկությունը թուլանա, վարորդներն այդ հատվածում արագությունը փոքրացնեն: Ինչ վերաբերում է իրենց ասած՝ տեղադրված են արագությունը սահմանափակող եւ նախազգուշացնող այլ նշաններ, ապա սրանք հեռու են, եւ վարորդները անտեսում են, ուշադրություն չեն դարձնում»:
Գրիբոյեդով-Նաիրի Զարյան խաչմերուկը Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության շենքի մոտ է, եւ այստեղ գծանշում չլինելու պատճառով երթեւեկությունը հաճախ սարսափ ֆիլմ է հիշեցնում: Այս տարածքում երթեւեկության մասին Թաթունցը մեզ պատմել էր. «Մեքենաները երբ Զարյան փողոցից գալիս են թեքվում դեպի Գրիբոյեդով՝ ձախ թարթիչն են միացնում, որպեսզի Գրիբոյեդով գնան, իսկ Զարյանով շարունակողները հետեւից շատ անակնալ դուրս են գալիս ու բավականին արագընթաց, որովհետեւ ոչ մի արգելող նշան չկա, ու գրեթե ամեն օր վթարային իրավիճակ է ստեղծվում: Մարդիկ վազելով ու վախենալով են անցնում փողոցը»:
Այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանին, մասնավորապես շինարարության եւ բարեկարգման վարչութան պետի ժամանակավոր պաշտոնակատար Շաքարյանին չի մտահոգում, որ քաղաքացիներն այդ հատվածում փողոցն անցնելիս վտանգում են իրենց կյանքը: Այս պաշտոնյան կարծես թե չի էլ փորձում որեւէ լուծում գտնել, եւ եթե անցյալ տարի հաստատված ծրագիր կա, միտք էլ չունեն շեղվել դրանից, «արտահերթ» ծրագրել՝ կանխարգելել վթարային իրավիճակները, հետիոտների, կարելի է ասել, կյանքը փրկել: Մի՞թե այս պաշտոնյան սպասում է մի լուրջ միջադեպի, որից հետո նոր կմտածի՝ մայթ կառուցել կամ արհեստական անհարթություն ստեղծել:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
04.10.2018