ՄԻԵԴ-ում հերթական «Մաթեւոսյանն ընդդեմ Հայաստանի» գործն է ավարտվել դատապարտյալի հաղթանակով, սակայն «հետ ուղարկված» մասով հայաստանյան դատական գործընթացները դատարկ դահլիճում են: Որեւէ վերլուծություն չի արվում, հետեւություն հատկապես առանձնապես ծանր այն քրեական գործերով, ուր խոսք է գնում մեր քննիչների կողմից խոշտանգումներով ձեռք բերված ապացույցների մասին:
«Մաթեւոսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 52316/09) գործով արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելում) խախտում: ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ դիմումատուն պնդել է, որ Կապանի ռազմական ոստիկանության բաժանմունքում գտնվելու ընթացքում խոստովանական ցուցմունքներ ստանալու նպատակով ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի` հավելելով, որ իր նկատմամբ վատ վերաբերմունքի պնդումների առնչությամբ իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ քննություն: Ըստ ՄԻԵԴ-ի՝ «Եվրոպական դատարանը գործի քննության արդյունքում եզրահանգել է, որ ՀՀ իշխանությունները ձախողել են ադյունավետ քննության իրականացումը` հաստատելով դիմումատուի նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված դատավարական իրավունքների խախտում: Ըստ այդմ, Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել 6000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում»: Ըստ գործի նյութերի, իքս-զինմասի նախկին ավագ օպերատոր Ալիկ Մաթեւոսյանը պատմել էր. «Ռադիատորից կապել էին ձեռքերը ու հարվածել այնքան ժամանակ, մինչեւ որ ուզեցել է մեռնել»: Իսկ դատարանում էլ կալանքի միջնորդության քննության ժամանակ չի կարողացել կանգնել, պատմել է, որ ոտքերի տակ այնքան են խփել, որ ի վիճակի չէ կանգնել:
Ալիկ Մաթեւոսյանն ամբաստանյալի կարգավիճակով երեկ ուղեկցվեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, ուր դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ լսվեց նրա խափանման միջոցի հարցը:
Ըստ Ա. Մաթեւոսյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանի, ՄԻԵԴ-ից հետո ՀՀ վճռաբեկ դատարանը 2018թ. հուլիսի 15-ին գործը կրկին քննելու որոշում է ընդունել, բեկանել էր գործը եւ այն ուղարկել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Փոխվել էր քրեական գործի համարը եւ պաշտպան Հարություն Բաղդասարյանի միջնորդությունից հետո այն Սյունիքի մարզից տեղափոխվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Այս գործով դատավորներից մեկը՝ Արմեն Խաչատրյանը, ինքնաբացարկ էր հայտնել:
Ալիկ Մաթեւոսյանը մեղադրվել է եւ դատապարտվել է երկարատեւ ազատազրկման համածառայակից Աղվան Հարությունյանի սպանության համար (2006թ. ապրիլի 29-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մոտ՝ անտառում զինծառայողները հայտնաբերել են իրեց համածառայող Աղվան Հարությունյանի դին` ծառից կախված վիճակում):
Նա իր մեղքը չի ընդունել եւ գործի մեջ միակ ապացույցը եղել է խոշտանգումով ցուցմունք կորզելը: Հատուկ քննչական ծառայությունում էլ նոր քրեական գործ է հարուցվել:
«Ալիկի օգտին կայացված բարենպաստ դատական ակտից ինքը չի օգտվում, որովհետեւ դա վատթարացնող ակտ է դարձել, նա ունի տեսակցությունների սահմանափակում, 12,5 տարի նստելով անցել էր կիսաբաց ռեժիմի, հիմա՝ փակ ռեժիմի մեջ է, խաթարվել է նրա դատավարական կարգավիճակը», -ասաց փաստաբանը:
Ըստ փաստաբանի, կալանք ընտրելով, դատախազը հենվում է առանձնապես ծանր հանցագործության կանխավարկածի վրա. «Համոզված եմ, որ մեղադրանքի կողմը դեռ հավատում է, որ Ալիկը կատարել է այդպիսի արարք: Իմ պաշտպանյալը Ա.Հարությունյանի սպանության հետ կապ չունի: Մենք նստել ենք տասներկու տարի, հիմա թույլ տվեք, գնանք մեր տուն, մեր գործին, այդ երկարատեւ պատիժը կրել ենք, մեզ բաց թողեք»,-ասաց Հ. Բաղդասարյանը: Ի դեպ, հինգ տարի առաջ՝ համաներման որոշմամբ, Ա. Մաթեւոսյանը կարող էր վեց ամսով համաներվել:
Նա ասաց, որ իր պաշտպանյալը հասարակության մի մասնիկն է, եւ դիմելով դատարանին ասաց՝ թույլ տվեք, որպեսզի նա էլ հավատա հասարակական իրավիճակի փոփոխությանը, արդարադատությանը: Պաշտպանը հիշեցրեց, որ գործը հարուցվել է այն ժամանակ, երբ պաշտպանության նախարարն էր Սերժ Սարգսյանը, եւ ապա՝ վարչապետը:
Մեղադրողի հնարավոր հիմնավորմանը, թե հնարավոր է ազատության մեջ գտնվելով Ալիկ Մաթեւոսյանն ազդի վկաների ցուցմունքների վրա, պաշտպանը տեղեկացրեց, որ վկաները ժամանակին տվել են իրենց ցուցմունքները, խնդիրն ապացույցը ճիշտ գնահատելն է:
Դատախազ Սամվել Յուզբաշյանը, որը երեկ էր ներգրավվել այս գործով, առարկեց պաշտպանի միջնորդությանը, ասելով, թե երկարատեւ պատիժ կրելը չի նշանակում, որեւէ խոչընդոտ չի լինի, եւ որ առկա են կալանավորման հիմքեր:
Պաշտպանական կողմը խնդրեց, որպեսզի նրան ազատեն մեկ միլիոն գրավի դիմաց, պաշտպանն առաջարկեց մեկ այլ տարբերակ էլ՝ ստորագրություն չբացակայելու մասին:
«Հասկանում եմ, որ գրավի չափը վերջին շրջանում հինգ հարյուր հազարից է սկսվում, անգամ երկու միլիարդ էլ է կիրառվել, իմ պաշտպանյալն անազատության մեջ մնալով՝ չունի նման գումար, բայց դատարանում գտնվող նրա հարազատները, համոզված եմ՝ կօգնեն, որպեսզի մեկ միլիոն դրամ հավաքվի նրա համար»,-ասաց Հ. Բաղդասարյանը:
Ալիկ Մաթեւոսյանն ասաց. «Իմ անազատության մեջ գտնվելու տարիներին ես դրական եմ բնութագրվել, վերջին ութ տարում որեւէ տույժ չունեմ, սովորաբար իմ դեպքում նշվում է, թե խուսափում եմ արդարադատությունից: Մենք ենք ուզում արդարադատություն եւ ազատություն, ու մեզ փորձել են միշտ խանգարել»:
Ի դեպ, 2018թ. օգոստոսի 9-ին ամբաստանյալի խափանման միջոցի հարցը քննելիս Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը որոշել է այն թողնել անփոփոխ: Երեկ դատարանը նույնպես անփոփոխ թողեց նոր դատավարական կարգավիճակը՝ կալանքը:
Դատական նիստի ավարտին դատարան եկավ տուժողի իրավահաջորդը. մինչ այդ, երբ նիստը նոր էր սկսվում, Հարություն Բաղդասարյանը դատարանին տեղեկացրեց, որ իրեն է զանգել տուժողի իրավահաջորդը եւ խնդրել՝ նիստը կես ժամով հետաձգել, մինչ կգա դատարան, սակայն դատավորն առարկեց, ասելով, թե խափանմամ միջոցի հարց է քննության դրվել եւ ծանուցագրեր նա ուղարկել է միայն մեղադրող եւ պաշտպանական կողմերին:
Հիշեցնեմ, որ այս գործը 3 անգամ հայտնվել է Վճռաբեկ դատարանում, 1 անգամ` ՍԴ-ում` ուղարկվել է նոր քննության, 2010թ.-ին էր ուղարկվել ՄԻԵԴ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
04.10.2018