Լրահոս
Օրվա լրահոսը

Սամուրայների վարքականոնի, հայոց սպարապետների պատգամ-հրահանգների եւ մերօրյա հերոսների մասին

Հոկտեմբեր 05,2018 13:00
«Նարեկացի» արվեստի միությունում հայ-ճապոնական մշակույթների, ռազմարվեստի, սամուրայական, ասպետական ու հայ զինվորականության վարքականոնների ներկայացման երեկո էր՝ ճապոնական երաժշտության հնչյուններով: Միջոցառումն իրականացվում էր «ՋԱՌ» ճապոնա-հայկական հարաբերությունների զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Իբրեւ սկիզբ՝ հ/կ-ի նախագահ Հասմիկ Մուրադյանը խոսեց հայ-ճապոնական մշակութային փոխհարաբերությունների արդի փուլի մասին, ներկայացվեց ժամանակակից հայ գրականության ներկայացուցիչ, բանաստեղծուհի Արմենուհի Սիսանյանի պոեզիան հայերեն եւ ճապոներեն: Նշելով ընդհանրությունները ճապոնական պոեզիայի եւ Արմենուհի Սիսանյանի բանաստեղծությունների միջեւ՝ նա ընդգծեց, որ բանաստեղծուհու` ճապոներեն թարգմանված երկու գրքերի շնորհանդեսը 2017 թվականին կայացել է Ճապոնիայի Կիոտո քաղաքում:
Այնուհետ պատմաբան Վարուժ Վրեժ Աղաջանյանը, ով դեռեւս վաղ տարիքից հետաքրքրված է ճապոնական մշակույթով, սամուրայների հերոսական պատմությամբ ու վարքականոնով, ներկայացրեց ռազմական խավի արժեհամակարգը՝ զուգահեռներ տանելով 5-րդ դարի հայ զինվորականության եւ Ճապոնիայում արտոնյալ զինվորական խավի ներկայացուցիչների՝ սամուրայների վարքագծերի միջեւ: Դեռեւս 5-րդ դարում հայ պատմիչներ Բուզանդի եւ Խորենացու աշխատություններում նշված են հայոց սպարապետների պատգամ-հրահանգները։ Բուզանդը իր «Հայոց պատմություն» աշխատությունում թվագրում է հայ զինվորականի՝ Հայաստան պետության եւ հայ ազգի առջեւ ստանձնած գլխավոր հանձնառությունները՝ հավատարմություն եւ անձնուրաց ծառայություն անկախ Հայաստան աշխարհին, երկրին ու թագավորությանը, ասպետական պատվի եւ համարումի՝ «քաջի անվան» անբիծ պահպանում, հարկ եղած դեպքում՝ նաեւ կյանքի գնով, հավատարմություն եւ անձնուրաց ծառայություն Հայաստանի ժողովրդին, նվիրվածություն ընտանիքին, տոհմակիցներին, հավատարմություն զինակիցներին։
«Ռազմիկի ճանապարհը նշանակում է մահ»,-այս կարգախոսով էին առաջնորդվում շատ հազարամյակներ առաջ զինվորական խավի ներկայացուցիչները:
Ճապոնիայում լեգենդար ռազմականացված ազնվականների դաս էին համարվում սամուրայները: Բուշիդոն` սամուրայի վարքականոնը, ամբողջովին ներթափանցված էր տիրոջն աներկբա ենթարկվելու եւ մահվան նկատմամբ արհամարհանքի ոգով: Սամուրայները համարվում էին ոչ միայն թրի, այլ նաեւ գրչի ասպետներ: Նրանք փայլուն կրթություն ունեին: Բուշիդոն քարոզում էր, որ սամուրայը պետք է ձգտի կատարելագործման բոլոր բնագավառներում, այդ թվում՝ մարտարվեստում: Նրանք բանաստեղծություններ էին գրում, զբաղվում գեղագրությամբ, ինչպես նաեւ թեյի արարողության վարպետներ էին: Բանաստեղծություն` թանկա գրելը ազնվատոհմ մարդու կրթության բաղկացուցիչ մասն էր, կար նաեւ մահից առաջ հրաժեշտի բանաստեղծություն գրելու սովորույթ: Սամուրայը եւ պոեզիան միմյանցից անբաժան էին: Սամուրայները մեծ ազդեցություն են ունեցել մշակույթի վրա:
Եթե սամուրայը չէր պահպանում բուշիդոյում ամրագրված կանոնները կամ գերեվարվում էր թշնամու կողմից, ապա ինքն իրեն սպանում էր: Այս արարողությունը կոչվում էր սեպուկու կամ հարա-կիրի: Այսպիսի մահը համարվում էր պատվավոր:
Սամուրայը փոքր կամ կարճ դաշույնով խոցում էր ինքն իրեն` ստամոքսի հատվածը ձախից աջ կտրելով, որից հետո սամուրայի ընկերը դանդաղ ու տանջալի մահը կանխելու համար գլխատում էր նրան:
Սամուրայները իրենց զենքերով կռվում էին չարի դեմ` առաջնորդվելով բարոյական գաղափարախոսությամբ: Որպես ժամանակաշրջանի ազնվական դաս` սամուրայներն ավելին էին, քան ուղղակի մարտիկները:
Ի դեպ, Ճապոնիայում այսօր էլ կան սամուրայներ: Ողջ աշխարհին ցնցեց վերջերս երկրում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը, որի հետեւանքով Ֆուկուսիմայի ատոմակայանում վթար տեղի ունեցավ` առաջացնելով բարձր ռադիացիա: Այդ վթարի հետեւանքները վերացնողներին մամուլում անվանում էին «կամիկաձե» կամ «միջուկային սամուրայներ», քանի որ նրանք, գիտակցելով, որ ռադիացիայի բարձրագույն դոզաների ենթարկվելով՝ մահվան են դատապարտված, որպես պատվի ասպետներ, գիտակցաբար գնում էին այդ քայլին:
Տեղին է հիշատակել Եղիշեի՝ հայազգի մարտիկների համար կարգախոս դարձած տողերը՝ «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահություն»: Մեր հայրենիքում էլ վերջին տարիներին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմական գործողությունները հավաստեցին, որ հայոց մարտիկների դարավոր խրոխտ ոգին փոխանցվել է նաեւ մերօրյա զինվորականներին, ովքեր հայոց սպարապետների պատգամ-հրահանգներով առաջնորդվելով՝ հայրենիքի համար օրհասական պահին չխնայեցին իրենց կյանքը հանուն հայրենի եզերքի անառիկության…
ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ»

04.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել