Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիփ հոփն այնքան ազատ է, ինչքան մեր ինքնիշխանության չափերն են»

Հոկտեմբեր 05,2018 12:30

Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչ Դավիթ Աղաջանյանի դիտարկումները

Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչ, «Տիր» կենտրոնի ղեկավար Դավիթ Աղաջանյանը, որ Հայաստանում հիփ հոփ մշակույթի հիմնադիրներից է` բեմական NAY 374 անունով, ժամանակ առ ժամանակ այցելում է Հայաստան: Այստեղ նրան հիշում են որպես Երեւանի ուրբան մշակույթի ակունքներում կանգնած մեկը:

«Առավոտի» հետ զրույցում Դավիթն ասում է, որ իր հայաստանյան այցերն ինքնանպատակ չեն: Ռուսաստանում էլ նա զբաղված է հայկական, ազգային, հասարակական գործունեությամբ: Ասում է` քանի որ մշակույթի, գաղափարական-հայրենասիրական ոլորտներում բացեր էր նկատել, Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիային կից հիմնել է «Տիր» կենտրոնը եւ համապատասխան գործունեություն է իրականացնում:

Դավիթը մի շարք աղմուկ հանած նախագծեր է կյանքի կոչել` նշել են Մոնթե Մելքոնյանի ծննդյան 59 եւ 60-ամյակը, Լեոնիդ Ազգալդյանի 44, 75-ամյակը, 2 նշանակալի միջոցառում են իրականացրել նվիրված Գարեգին Նժդեհին` հատկապես այն շրջանում, երբ Նժդեհի արձանի վերաբերյալ ՌԴ-ում պետական մակարդակով աղմուկ էր բարձրացել:

Մեր զրուցակիցը չի թաքցնում, որ հաճախ հայաշունչ միջոցառումները հարուցում են ադրբեջանցիների ու թուրքերի դժգոհությունը, եւ վերջիններս տարբեր «խողովակներով» դիմում են Ռուսաստանին, բայց դա չի խանգարում հայկական միջոցառումներին ապահովել ռուսական ներկայացուցչական ներկայություն: Դավիթ Աղաջանյանն ասում է, որ իրենց կազմակերպած բոլոր միջոցառումների լեզուն հայերենն է, օտարների համար ամեն ինչ թարգմանվում է: Նա, ի թիվս այլնի, առանձնացրեց հայ գրատպության, Հայ դատի թեմայով ձեռնարկները, դասախոսությունները, Մովսես Գորգիսյանին նվիրված փառահեղ միջոցառումը:

«Վերջին մեր ակցիային ոչ միայն Հայաստանի, այլեւ Կալիֆոռնիայի, Փարիզի, Մոսկվայի հայկական լրատվամիջոցներն էին անդրադարձել: Հայոց ցեղասպանությունը ժխտող մի հայտնի հեղինակի գրքի շնորհանդեսը, որ թուրքական համայնքն էր կազմակերպել, ես եւ իմ մի քանի ընկերներ ուղղակի տապալեցինք` առանց որեւէ ագրեսիայի»,- պատմում է Դավիթ Աղաջանյանը:
Նրանից տեղեկացանք, որ Երեւանում գտնվելու օրերին այցելել է մի շարք թանգարաններ ու պատրաստակամություն հայտնել ինչ-ինչ հարցերում աջակցել: «Օրինակ, Արամ Խաչատրյանի թանգարանում չգտա ոչինչ՝ կապված իր մոսկովյան կյանքի հետ, մինչդեռ այնտեղ Խաչատրյանի անվան փողոց կա, արձանը հենց Մոսկվայի սրտում է` Կարմիր հրապարակից ոտքով 5 րոպե: Կոմպոզիտորների տան դիմաց վիթխարի մի արձան ունի Խաչատրյանը, պատվո տախտակ` համապատասխան գրությամբ»,- հայտնեց «Տիր» կենտրոնի ղեկավարը, հավելելով, որ թանգարանի տնօրինությանը խոստացել է համապատասխան նյութերով օգնել:

Զրուցեցինք նաեւ ՌԴ հայկական համայնքներում հայերենի վիճակի մասին: Մեր զրուցակիցը փաստեց, որ իրոք հայերենը տկար է Ռուսաստանում, նաեւ նկատեց, որ այն միջոցներում (լրատվամիջոցներ, հեռուստաալիքներ, երգիչների երգեր, հումորային հաղորդումներ), որոնցով հայերեն է մատուցվում համայնքներին, պատշաճ մակարդակով հայերեն խոսք չկա, էլ ուր մնաց հնարավոր լիներ վերադարձը մեսրոպյան ուղղագրությանը:

«Հետխորհրդային երկրներում հայերենը բավական ռաբիսացած է»,- փաստում է Դավիթը: -Եթե, օրինակ, սերիալում ամբողջ ազգը մուտքի փոխարեն լսում է «պադյեզդ» կամ բակին ասում են «մայլա», պատկերն էլ այնպիսին կլինի, ինչպիսին առկա է: Վերեւից պետականորեն պետք է լինի գաղափար, որ միայն մաքուր հայերեն հնչի»: Դավիթ Աղաջանյանը կարծում է, որ լավ կլիներ, եթե բոլոր դպրոցներում դասավանդվեր գրաբար, ինչպես եվրոպական դպրոցներում լատիներենն է դասավանդվում: Նրա համոզմամբ, այդպիսով, կմեծանա մի սերունդ, որը գրաբար կիմանա, եւ աստիճանաբար միասնական ուղղագրության անցնելն էլ ավելի կհեշտանա:

Դավիթը շեշտում է` Մաշտոցից մինչեւ Իսահակյան դասական ուղղագրությամբ են գրել, Հակոբ Մեղապարտն առաջին հայ գիրքն այդպես է տպագրել, ուրեմն էլ ինչի՞ց ենք վախենում:

Խոսեցինք նաեւ NAY 374-ի ստեղծագործական գործունեության մասին: Հարցրինք` արդյոք գիտական ատենախոսության վրա աշխատելու պատճառով հետին պլա՞ն է մղել երաժշտությունը: Դավիթն ասաց, որ պահպանում է կապերը Երեւանի ուրբան մշակույթի ներկայացուցիչների հետ: Այս պահին Real Hip-Hop խորագրով ալբոմ է ձայնագրում «դրսի» համար: Նրա բնորոշմամբ, այն իր մեջ ներառում է ոչ թե զուտ ռեփ երաժշտությունը, այլ ավելի շատ հասունություն է ամփոփում, կյանքի փորձ, անցում` բացասականից դրականին, արտացոլում է իր ցանկությունները, մղումները եւ երազանքները, որոնք արդեն տեսանելի են որոշակի մակարդակի հասնելուց հետո: Նա ընդգծեց մշակույթի եւ արվեստի հետ փողոցային երաժշտության կապը, ասաց, որ ժամանակին, երբ պատերին գրաֆիտի էին անում, չէին մտածում, որ դա ի վերջո իրենց բերելու է Մինաս Ավետիսյանի, Բաշինջաղյանի, Թերլեմեզյանի, Կոմիտասի, ընդհանրապես ազգային ակունքների «մոտ»: «Եթե դու քո գործում «ֆեյք» չես, ճանապարհը քեզ ամենաներքեւի փողոցից էլ բերելու է հասցնի համաշխարհային մշակույթին ու արվեստին»,- ասում է NAY 374-ը: Ի դեպ, նրա` Մոսկվայում նկարահանված տեսահոլովակում, որ ներկայացնում է ռեփերի 18 տարիների գործունեությունը, տեսարժան վայրերից բացի, երեւում են Սարյանի ու Մինասի նկարները:
Մեր հարցին` իր կարծիքով ինչո՞ւ հիփ հոփը իր տեղը չգտավ Հայաստանում, չդարձավ պայքարի լեզու, իսկ օրինակ՝ ռոքն ամրապնդվեց: NAY 374-ն ասաց, որ հիփ հոփն առաջին հերթին արեւմտյան մշակույթ է, իսկ Հայաստանում ի սկզբանե Արեւմուտքն ու Արեւելքը միշտ «կռվել» են: Նրա խոսքերով, թեեւ աշխարհին քաղաքակրթություն տված ազգ ենք, սակայն այսօր Հայաստանում ավելի շատ իշխում են արեւելյան երաժշտությունը, գաղափարները, ու հիփ հոփը ճնշված է: «Ցավոք, եթե ուզում ես հայտնի եւ սիրված լիել, պետք է կլկլացնես… Նույնիսկ մեր հայրենասիրական երգերը, չնչին բացառություններով, կլկլոցով են երգում: Դրա համար էլ հիփ հոփը չամրապնդեց իր դիրքերը: Ռոքը հեղափոխական է, երբեմն անարխիստական, իսկ հիփ հոփում դա չկա, այն ազատության լեզու է: Հիփ հոփն այսօր այնքան ազատ է Հայաստանում, ինչքան մեր ինքնիշխանության չափերն են»,-համոզված է Դավիթ Աղաջանյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

04.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել