Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐ

Հոկտեմբեր 05,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ երեսունութերորդ

ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐ

Ես էդ տարիքում արդեն  որոշակիորեն ճանաչված ու ընդունված բանաստեղծ էի, բայց ավելի ճիշտ կլինի, եթե գլուխս գովելու փոխարեն՝ Ֆրունզիկի հետ կապված պատմությունը սկսեմ պատմել, չնայած, փաստորեն, արդեն սկսել եմ, եւ սասունցիների, մշեցիների ու ընդհանրապես գաղթականների եւ նրանց զբաղեցրած պաշտոնների մասին էս խոսակցությունս յուրօրինակ նախաբան էր Գալշոյանի ու Ֆրունզիկի պատմության, ու էս նախաբանս մի քիչ էլ երկարացնելով՝ պիտի մի քիչ էլ գլուխս գովեմ ու ասեմ, որ չնայած իմ էս գրությունները բավական խորը անցյալին են վերաբերում, այդուհանդերձ, բավական ակտուալ ու այսօրեական են, եւ նմանապես սասունցիների ու պաշտոնների թեման է բավական արդիական, որովհետեւ պաշտոնն ինքնին բոլոր ժամանակներում է արդիական եղել, եւ չնայած Հայաստանում արդեն անկախություն ու կապիտալիզմ է, ոչ մեր անկախությունն է անկախություն, եւ ոչ էլ կապիտալիզմը՝ կապիտալիզմ, ու, երեւի էդ է պատճառը, որ անկաացած Հայաստանում պաշտոնը նույնքան  եւ նույնիսկ ավելի կարեւոր երեւույթ է, քան՝ նույնիսկ Սովետի օրոք էր, որովհետեւ, ի տարբերություն համաշխարհային կապիտալիզմի, մեր կապիտալիզմի պայմաններում ոչ թե ազատ մրցաւկցության շնորհիվ են հարստության ու փողի տեր դառնում, այլ հիմնականում՝ եկամտաբեր պաշտոնների, եւ չնայած մեր օրենքը բարձրաստիճան պաշտոնյաներին ու պատգամավորներին արգելում է բիզնեսով զբաղվել, իրականում հենց բարձրաստիճան պաշտոնյաներն ու պատգամավորներն են բիզնեսով զբաղվում. ավելին. եթե պաշտոն չունես կամ պատգամավոր չես, բիզնեսում մշտապես խոչընդոտների   կհանդիպես, բայց էս ասածս բնավ չի նշանակում թե՝ մեզանում անխտիր բոլոր աստիճանավորներն են անձամբ զբաղվում բիզնեսով. նրանցից շատերն իրենց բիզնեսը մեծահոգաբար զիջում են իրենց զավակներին ու մերձավորներին, իսկ իրենք ուղնուծուծով նվիրվում են իրենց պաշտոններին՝ հընթացս ոչ միայն մեր երկրի, այլեւ իրենց ընտանեկան բիզնեսի անվտանգությունն ապահովելով, եւ ինչքան ընտանիքի անդամի պաշտոնը բարձր է, էնքան ընտանեկան բիզնեսի անվտանգությունն ապահովված է, եւ քանի որ խոսք գնաց պաշտոնների մասին, պիտի ասեմ, որ մշտապես ու անկախության էս տարիներին նույնպես պաշտոնները հիմնականում բաժին են հասնում գաղթականներին, եւ էս ասածս, համոզված եմ, շատերը չեն ընդունի, որովհետեւ մեզանում ընդունված է գաղթական ասել Արեւմտյան Հայաստանից, Թուրքիայից կամ առնվազն Ադրբեջանից ճարահատյալ գաղթածներին, մինչդեռ Վրաստանից Հայաստան տեղափոխվածներին գաղթական չենք անվանում, եւ առավել եւս գաղթական չենք անվանում Ջավախքից կամ Ղարաբաղից Հայաստան տեղափոխվածներին, մինչդեռ, իմ կարճ խելքով, իր ծննդավայրը լքած ցանկացած ոք գաղթական է, եւ գաղթական են նաեւ բոլոր նրանք, ովքեր իրենց բնօրրանը լքում են «որտեղ հաց, էնտեղ կաց» նշանաբանով:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031