Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հոգեկան խանգարումը բացառող փաստաթուղթ ներկայացնելու պահանջը չի տարածվում բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Հոկտեմբեր 04,2018 22:22

Սոցիալական ցանցում այսօր արված իմ մի գրառումը բավական մեկնաբանությունների տեղիք տվեց: Ցանկություն էի հայտնել, որ «Կուսակցությունների մասին» գործող օրենքում, ինչպես եւ «Ընտրական օրենսգրքում» սահմանվի մի կետ, որով հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ չառաջադրվեն եւ կամ չզբաղվեն կուսակցական քաղաքական գործունեությամբ, հնարավոր պաշտոնների անցնելուց հետո խնդիրներ չառաջացնելու համար:

Որոշ  պարզաբանումներ ստանալու համար դիմել ենք իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանին:

 

-Պարոն Դանիելյան, համեմատաբար համեստ կարգավիճակ ունեցող քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար պարտադիր պայման է հոգեկան խանգարումը բացառող փաստաթուղթ ներկայացնելը, ինչո՞ւ այդ պահանջը չի տարածվում բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: 

-Պահանջները միասնական են, պարզապես քաղաքացիական ծառայողների պարագայում իրավակարգավորումները ավարտուն տեսք ունեն, հստակ են, մինչդեռ՝ բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում առկա են աղերսներ՝ կապված իրավական որոշակիության  հետ, ինչն էլ տարաբնույթ իրավակիրառ պրակտիկայի տեղիք է տվել:

-Ի՞նչ նկատի ունեք իրավական որոշակիության աղերսներ ասելով, ընդհանրապես, օրենսդրությունը ամրագրո՞ւմ է որոշակի ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության պահանջ, թե՝ ոչ:

– Ինչպես արդեն նկատեցի, այդպիսի պահանջներ սահմանված են հանրային ծառայության՝ անխտիր բոլոր ներկայացուցիչների համար, բնականաբար, բարձրաստիճան պաշտոնյաները բացառություն չեն, սակայն ողջ խնդիրն այն է, որ ընթացակարգային օրենսդրական նորմերով այդ պահանջը հավուր պատշաճի երաշխավորված չէ: Այսպես, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով միանգամայն հստակ ամրագրված է, որ քաղաքացիական ծառայողի պաշտոնից ազատելու հիմք է նաև Կառավարության հաստատած հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը:  Այն, որ նշված պահանջը համընդհանուր է, ուղղակի բխում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից, ըստ որի՝ հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, ով տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը: Հավելենք, որ հիվանդությունների ընդհանուր ցանկը սահմանված է Կառավարության որոշմամբ:

Անդրադառնալով իրավական որոշակիության խնդրին, նկատենք, որ քաղաքացիական ծառայողների և հանրային ծառայության մի շարք այլ տեսակների պարագայում նշված հիվանդության առկայությունը հստակ ամրագրված է ինչպես ծառայության անցնելը բացառելու, այնպես էլ այն դադարեցնելու հիմք: Բոլորովին այլ է իրավակարգավորման վիճակը բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում, մասնավորապես, նշված հիվանդությունները օրենսդրությամբ միանշանակ ամրագրված չեն, որպես հիմք՝ նրանց կողմից պաշտոն ստանձնելը բացառելու, ինչպես նաև լիազորությունները դադարեցնելու համար: Այսպես, օրինակ` Ազգային ժողովի «ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման 94-101-րդ հոդվածներով այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաների թեկնածուների համար, ինչպիսիք են Վճռաբեկ դատարանի նախագահը, Վճռաբեկ դատարանի դատավորը, Բարձրագույն դատական խորհրդի անդամը, գլխավոր դատախազը, Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը, Կենտրոնական բանկի նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և անդամները, հստակ սահմանված չէ Կառավարության կողմից սահմանված հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք ներկայացնելու պարտականություն:

-Պարոն Դանիելյան,  իսկ չկա՞ն այնպիսի նորմեր, որոնցից կբխեր Կառավարության կողմից սահմանված հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք ներկայացնելու պարտականություն:

-Անդրադառնամ իմ կողմից բերված օրինակներին. բոլոր այդ պաշտոնյաների պարագայում պարզապես ամրագրված է, որ նրանք պարտավոր են ներկայացնել օրենքով սահմանված այլ պահանջների ապահովման վերաբերյալ փաստաթղթեր: Սկզբունքորեն այսպիսի ձևակերպումը կարող է բավարար իրավական հիմք համարվել, որպեսզի նշված և ընդհանրապես բոլոր այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում պահանջվեն հենց Կառավարության կողմից սահմանված հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք, սակայն գործնականում դա տեղի չի ունենում, քանի որ, նախ, հիշյալ օրենսդրական ձևակերպումն անհարկի անորոշ է, խիստ վերացական, բացի այդ, դեռևս չի ձևավորվել անհրաժեշտ ու կանխատեսելի իրավական ավանդույթ: Թերևս, այս իրավիճակին նպաստում է նաև այն, որ մի տևական ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաների ընտրությունը կամ նշանակումը ընդհանրապես չի փոխկապակցվել սոսկ հիվանդությունների, այդ թվում՝ հոգեկան խանգարումների հիմքով մերժելու հետ. ավանդաբար այն մտայնությունն է գործել, որ բավարար կարելի է համարել կենցաղային շփումներում առկա տպավորությունը: Ինչ խոսք, այդ տպավորությունը ոչ միայն հեռու է իրավաչափ համարվելուց, այլև երբեմն խիստ խնդրահարույց է: Պրակտիկայում, ցավոք, հանդիպում են դեպքեր, երբ ակնհայտ հիվանդությունների դրսևորման պարագայում հարկադրված են լինում ինչ-ինչ գործնական քայլերի դիմել, ինչը բխում է նաև պաշտոն զբաղեցրած անձի օրինական շահերից:

-Դուք ասացիք, որ բացի քաղաքացիական ծառայողներից, հանրային ծառայության մի շարք այլ տեսակների համար ևս կան բավարար իրավական հիմքեր, կարող էիք հստակեցնել, թե խոսքը ո՞ւմ մասին է:

-Որպես օրինակ կարող եմ նշել դատավորներին և դատախազներին, երկու դեպքում էլ թեկնածուները օրենքի ուժով պարտավոր են ներկայացնել համապատասխան տեղեկանքներ: Օրինակ. «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն, թեկնածուն պարտավոր է ներկայացնել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների, ինչպես նաև հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած փաստաթուղթ:  Նույնը ամրագրված է «Դատախազության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և այլն:

-Նշեցիք, որ Կառավարության որոշմամբ սահմանված է հիվանդությունների ցանկը, իսկ դրանցում ներառվա՞ծ են հոգեկան խանգարումների տեսակները:

-Կառավարության 2011 թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ նախատեսված են հետևյալ հիվանդություններ՝ օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ, շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ, տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ, սովորույթի եւ հակումների խանգարումներ, մտավոր հետամնացություն, հոգեկան և վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետեւանքով, շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն, էպիլեպսիա և այլն: Ինչպես տեսնում եք, ձեր հարցին առնչվող հիվանդությունները ևս ներառված են, ինչը անխուսափելի է:

Հարցազրույցը` Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031