Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Յուլիա Լովոչկինան հոկտեմբերի 3-ին հանդես է եկել ՀՀ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։ Մասնավորապես, նա կոչ է արել Հայաստանում բոլոր քաղաքական ուժերին ու խաղացողներին ամբողջությամբ հարգել ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը թե՛ խոսքով, թե՛ գործով։ Հայտարարության շարունակությունը պարունակում է մի շարք հետաքրքիր համընկնումներ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների հայտարարությունների հետ։
Ցածր մասնակցություն
Լովոչկինան նշել է․ «Երևանի ավագանու ընտրությունները հստակ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումները։ Միևնույն ժամանակ, ընտրություններին մասնակցությունը պարզ դարձրեց, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռևս ցածր է։ Հետևաբար, կարևոր է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններն ընկալվեն ու ընդունվեն որպես ժողովրդավարական ու արդար բոլոր քաղաքական խաղացողների կողմից»։ Ավագանու ընտրություններին քաղաքացիների ցածր մասնակցության մասին թեզը սեպտեմբերի 23-ից ի վեր բազմիցս արծարծվել է ՀՀԿ անդամների կողմից։
Այսպես, օրինակ, Էդուարդ Շարմազանովը ավագանու ընտրությանը մասնակցության մասին հայտարարել էր․ «Ինչ վերաբերում է մասնակցությանը, ընդամենը երեք տոկոսով երևանցիների մասնակցության ավել թիվը (ավագանու նախորդ ընտրությունների համեմատ) ևս մեկ անգամ խոսում է այս մասին, որ վարչապետի կոչը կամ լավ տեղ չի հասել, կամ ամբողջությամբ տեղ չի հասել: Սպասվում էր ավելի մեծ մասնակցություն. մեկ ամիս շարունակ կոչ անել հանրությանը, որ գան ընտրության, կոչ անել, որ սա իր վստահության հանրաքվեն է, չստացվեց, որովհետև շուրջ 60 տոկոսն այս կամ այն պատճառով ականջալուր չեղան Փաշինյանի կոչին ․․․ Եթե Տարոն Մարգարյանի ընտրության ժամանակ ընդամենը երեք քաղաքական ուժ է մասնակցել և 40-ից ավելի տոկոս է եղել, իսկ հիմա 12 ուժերի մասնակցության պարագայում 43, այն էլ վարչապետ Փաշինյանի ամենօրյա կոչերի արդյունքում, որ ընտրությունների գնացեք և այլն, մենք տեսանք, որ մասնակցությունը բարձր չէր։ Եվ սա փաստ է։ Եվ մենք տեսանք, որ երևանցիների 60 տոկոսը չգնաց ընտրության․․․»։ Նմանատիպ հայտարարություն էր արել նաև Արմեն Աշոտյանը։
Բավարար ժամանակի մասին
«Չնայած մենք հասկանում ենք արտահերթ ընտրությունների կոչը, բայց մենք կոչ ենք անում իշխանություններին և բոլոր քաղաքական ուժերին՝ ապահովել, որ արտահերթ ընտրություններն ամբողջովին հարգեն ժողովրդավարական ընտրությունների եվրոպական չափանիշներն ու նորմերը, և որ բոլոր քաղաքական ուժերն ունենան պատշաճ ու բավարար ժամանակ՝ պատրաստվելու ցանկացած նման ընտրության»,- ասվում է Լովոչկինայի հայտարարության մեջ: Այդուհանդերձ, Հայաստանում, բացառությամբ նախկին իշխանության անդամ-կուսակցությունների, հանրային համատարած կոնսենսուս է առկա այն հարցի շուրջ, որ որքան շուտ անցկացվեն արտահերթ ընտրությունները, այնքան ավելի արագ կհաղթահարվի ներկայիս իրավիճակը՝ ճգնաժամը։ Ի վերջո, խորհրդարանական հանրապետությունում չի կարող լինել խորհրդարան-վարչապետ հակադրություն։ Նման հակադրությունը բնորոշ է նախագահական համակարգերին։ Մինչդեռ խորհրդարանական համակարգի դեպքում գործադիր մարմնի գործունեությունը մեծապես կախված է օրենսդիր իշխանության աջակցությունից։ Խորհրդարանական համակարգում օրենսդիրը գործադիրի հենարանն է։ Այլ կերպ ասած, որպեսզի գործադիր մարմինը սկսի նորմալ աշխատել և ի վիճակի լինի լուծել իսկապես լուրջ խնդիրներ, պետք է ունենա օրենսդիր իշխանության վստահությունը։
Մյուս կողմից էլ գարնանը ընտրությունների հետաձգումը ընտրական օրենսգրքի բարեփոխման անհրաժեշտությամբ էր պայմանավորված։ Բարեփոխումները գրեթե վերջնականացվել են, հետևաբար ձգելու կարիք, կարծես թե, չկա։ Այդուհանդերձ, Հանրապետական կուսակցության հայտարարության մեջ նշվում է. «ՀՀԿ խմբակցությունը շարունակում է համարել, որ պետք է կյանքի կոչվի կառավարության ծրագրում եւ վարչապետի նախկին հայտարարություններում հնչեցված ծրագիրը՝ բարելավելով ընտրական օրենսդրությունը եւ ողջամիտ ժամկետ տալով քաղաքական ուժերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, ինչը ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին»։ Սակայն, հետաձգման նպատակը բնավ քաղաքական կուսակցություններին պատրաստվելու ժամկետ տալը չպետք է դիտարկվի։ Եթե Վենետիկի հանձնաժողովի դիտարկումների կամ որևէ այլ պատճառով ընտրական օրենսգրքի ընդունումը հետաձգվեր մինչև մայիս, ապա դա հասկանալի կլիներ, սակայն ընտրությունների հետաձգումը ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին կամ ՔՊ-ին նախապատրաստվելու հնարավորություն տալու համար այնքան էլ հասկանալի չէ։
Արդյո՞ք ԵԽԽՎ-ում չեն ընկալում հայաստանյան իրավիճակը
Ելնելով վերը գրվածից՝ հարց է ծագում. ինչու է Լովոչկինայի հայտարարությունը հիշեցնում ՀՀԿ տեսակետը։ Միգուցե խնդիրը նրանում է, որ Լովոչկինան լավ չի հասկանում ՀՀ ներքին իրավիճակը և հանրային տրամադրությունները։ Այդուհանդերձ, հաշվի առնելով ԵԽԽՎ-ում ՀՀԿ-ի նախկին կապերը և լոբբինգի փորձառությունը, ինչպեսև Լովոչկինայի տեղեկությունների աղբյուրները, ըստ ամենայնի, նրա հայտարարության շարժառիթները ևս առնչվում են ՀՀԿ-ի հետ։ Լիովին հավանական տարբերակ է, հատկապես եթե նկատի ունենանք, որ Լովոչկինան իր երկրում էլ բավականին հակասական քաղաքական գործիչ է։ Նա Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցության մնացորդներից ստեղծված «Ընդդիմություն բլոկ»-ի անդամ է, նախկինում եղել է Ռեգիոնների կուսակցության անդամ ևս և ունի օֆշորային 38 ընկերություն։ Լովոչկինան նաև հայտնի է ԵԽԽՎ-ում 2015թ․ հունվարին Ուկրաինայի դեմ և Ռուսաստանին կողմ արված սկանդալային հայտարարություններով։ Այս փաստերը կասկած են հարուցում Հայաստանի հարցով համազեկուցողի հայտարարության անկեղծության և, ընդհանրապես, նրա՝ որևէ երկրում ժողովրդավարական արժեքների հզորացման կողմնակից լինելու մասին։
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»