2019 թվականի պետական բյուջեի նախագիծն արդեն խորհրդարանում է: Այսօր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց բյուջեի ուղերձն ու ցուցանիշները: Ըստ այդմ՝ 2019-ի բյուջեի ընդհանուր եկամուտները կանխատեսվում են 1 տրիլիոն 490 միլիարդ դրամ, այդ թվում Հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր 1 տրիլիոն 399 միլիարդ դրամ, պաշտոնական դրամաշնորհներ՝ 39 միլիարդ 10 միլիոն, այլ աղբյուրներ՝ 52 միլիարդ 389 միլիոն: Եկող տարվա բյուջեի ծախսերը կանխատեսվում են՝ 1 տրիլիոն 642 միլիարդ դրամ, հետեւաբար պակասուրդը՝ դեֆիցիտը՝ 151,6 միլիարդ դրամ:
Ըստ բյուջեի նախագծի՝ դեֆիցիտի սպասարկմանը ներքին աղբյուրներից կուղղվի 54,1 միլիարդ դրամ, արտաքին աղբյուրներից՝ 97,4 միլիարդ դրամ:
Aravot.am-ի հարցին՝ որքանով կավելանա պետական պարտքը եւ որքան պարտք են եկող տարին նախատեսում ներգրավել, նախարարը պատասխանեց. «Մենք ունենք պետական արժեթղթերի հաշվին դեֆիցիտի ֆինանսավորում 70 միլիարդ դրամ, այսինքն՝ մենք կատարում ենք նախկինում ունեցած արժեթղթերի այս ժամանակահատվածում նախատեսված մարումները եւ նոր պարտք ենք թողարկում: Եվ այս երկու խումբ գործառնությունների տարբերությունը զուտ իմաստով կանխատեսում է, որ մյուս տարի կլինի 70 միլիարդ դրամ: Եվ համանման իրավիճակ է արտաքին վարկերի մասով՝ մենք նախատեսում ենք ստանալ արտաքին վարկեր 240 միլիարդ դրամ, որից 166-ը նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար, մնացածը՝ բյուջետային աջակցության համար»:
Ըստ նախարարի, բյուջետային աջակցության վարկը կապակցված չէ որեւէ տեսակի ծախսատեսակի հետ.« Դա բյուջեի մաքուր պակասուրդը սպասարկելու նպատակ է հետապնդում: 85 միլիարդ դրամի չափ էլ ունենք վարկերի մարում»:
Պետական պարտքի վրա, բնականաբար ազդում է վարկերի ծավալներն ու նոր ներգրավվող միջոցները:
Մանրամասները՝ տեսանյութում
2019-ին պետական պարտքը բացարձակ թվով դառնալու է 7 միլիարդ 360 միլիոն դոլար:
«Պետական պարտքը պակասելու միտում չունի, քանի դեռ ունենք պակասուրդով բյուջե»,-ասաց Ջանջուղազյանը: 2019-ին պարտք-ՀՆԱ հարաբերակցությամբ 100 հազար բնակչի հաշվով մի փոքր նվազելու է:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ