Պետական ապարատում հաստիքների ծանրաբեռնվածություն կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք աշխատավարձերի բարձրացում նախատեսվում է եկող տարվա բյուջեով:
Պարոն Ջանջուղազյանի խոսքերով՝ «Մարդիկ, որոնք, ըստ էության, շատ մեծ ներդրում չեն ունենում վերջնարդյունքի տեսակետից, այնուամենայնիվ, շարունակում են համարվել աշխատակիցներ։ Օրինակ՝ ամեն 4 աշխատակցից մեկը ղեկավար է: Եվ դա պետական կառավարման համակարգում դեռ ամենավատ վիճակը չէ, քանի որ կան մարմիններ, որտեղ ամեն 2-ից մեկը ղեկավար է»:
Նախարարի ներկայացմամբ՝ պետք է վերանայեն այս իրավիճակը, եւ 9-ը աշխատակիցներից 1-ը լինի ղեկավար. «Մոտավորապես 20%-ով աշխատանքի վարձատրությունը բարելավելու հնարավորություն ենք ունենում: Սա առաջարկել ենք մեր բոլոր գործընկերներին: Խոսքը ոչ թե նրա մասին է, որ փողը կրճատվի, այլ այն մասին, որ աշխատանքի դիմաց վարձատրությունը դառնա համարժեք: Այսինքն՝ 80 հազար դրամի աշխատանք անող աշխատակցի աշխատավարձը պետք է լինի 80 հազար դրամ՝ անկախ նրանից, նա պետական կառավարման համակարգում է աշխատում, թե մասնավոր հատվածում: Բայց 2 մլն դրամ աշխատանքի արդյունք ստեղծող աշխատակցի աշխատավարձն էլ պետք է լինի 2 մլն դրամ»:
Ջանջուղազյանը վստահեցրեց՝ կառավարությունում քննարկում են ծառայողական մեքենաների կրճատումը, որով ծախսերն էլ կկրճատվեն:
Պարոն Ջանջուղազյանն ասաց, որ քննարկվում է նաեւ՝ արդյոք պետք են կառուցվածքային ստորաբաժանումները, որոնք ժամանակին ստեղծվել են. ՊՈԱԿ-ները, ԾԻԳ-երը, տարատեսակ հիմնադրամները:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ