Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում վիճակը գնալով դառնում է անկառավարելի. այսօր ևս վաղ առավոտից կրքեր էին բորբոքվել, այս անգամ ոտքի էին ելել ոչ միայն Անիի ՀՀԿ-ական ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջողները, այլ համայնքապետի կողմնակիցները: Մի քանի օր է՝ ցուցարարները, շրջափակելով համայնքապետարանի շենքը, Արտակ Գևորգյանին չեն թողնում մտնել աշխատանքի:
Արտակ Գևորգյանի կողմնակիցներն էլ ի պատասխան՝ այսօր հանդես եկան հակընդդեմ ցույցով. նախ Մարալիկում երթ կազմակերպեցին, այնուհետ փակեցին Գյումրի-Երևան մայրուղու Մարալիկի հատվածը՝ «Ռուբլյովկա» ռեստորանի մոտ: Վերջիններս էլ իրենց հերթին դժգոհում են, թե համայնքապետարանի շենքը շրջափակելով, դժվարություններ են ստեղծում մյուս համայնքների բնակիչների համար, «հալածված» գյուղերից մարդիկ փող են ծախսում, գալիս նպաստի, զագսի, մահվան վկայականի հարցերով, սակայն ներս մտնելու հնար չկա. դռները փակ են, աշխատանքները կաթվածահար:
«Ես գտնվում եմ ժողովրդի կողքին, և մշտապես գտնվելու եմ ժողովրդի կողքին»,-հայտարարեց Արտակ Գևորգյանը, որին հաջորդեցին «Արտա՜կ, Արտա՜կ» բացականչությունները:
Իսկ նրա հրաժարականը պահանջողները պնդում են, որ նա պիտի հեռանա, որովհետև թաղված է կոռուպցիայի մեջ, ՀՀԿ-ի հետևորդ է: Ըստ ցուցարարների, իրենք համայնքապետարանի դռները կբացեն միայն ու միայն վստահելի համայնքապետի առջև:
«Գրող, կլյաուզնիկ է, կերթա մարդկանց վրա կգրե, թե իրան ծեծե, 460 հազարանոց կոստյումը պատռել են, տո քեզի ուրտեղի՞ց 460 հազարանոց կոստյում, համայնքապետարանի հաշվից ես առե՞լ, գնա, քո ջեբից առ: Սե՞ր է կպել էդ աթոռին, կըսե՝ արյան գնով պտի պահեմ: Դու քոչարյանական մարդ ես եղել, ախր դու ի՞նչղ մնաս: Ուզում են իրենց ունեցվածքը, թալանածը պահեն, թեկուզև Ալիևին բերեն, դնեն Հայաստանի վարչապետ, իրանք համաձայն են, միայն թե ունեցվածքը պահեն»,-ասում էր ցուցարարներից մեկը:
Հիշեցնենք, որ Արտակ Գևորգյանի պատմելով, նախորդ օրը երբ փորձել էր մտնել համայնքապետարանի շենք, ցուցարարները պատռել էին իր կոստյումը, վնասվածք հասցրել:
Մեծահասակ ցուցարարներին այսօր միացել էին նաև դպրոցի աշակերտները: Ի դեպ, համայնքապետարանի դիմացի նստացույցն ուղեկցվում էր Շառլ Ազնավուրի երգերով:
Այսօր Մարալիկում էր նաև Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը: Նա փորձել է հանդարտեցնել իրավիճակը, բանակցությունների նստեցնել կողմերին: Ավելի ուշ համայնքապետի հրաժարականը պահանջող Հարություն Ուռուտյանից տեղեկացանք, որ փոխմարզպետի՝ երկու կողմերին հաշտեցնելու, բանակցություններ սկսելու նախաձեռնությունը չի հաջողվել:
«Մենք խոսելիք չունենք, հրաժարականն ենք պահանջում և վերջ»,- ասաց Հարություն Ուռուտյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ