Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի, մարզպետարանի եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցները Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 4-ի կեսօրից ծաղիկներ են խոնարհում Շառլ Ազնավուրի դիմանկարի առջեւ, որը տեղադրվել է Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում: Ինչպես տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, ծաղկեդրումը կշարունակվի հոկտեմբերի 4-ին եւ 5-ին, որը կավարտվի երեկոյան մոմավառությամբ:
Իսկ Շաբաթ օրը Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Շառլ Ազնավուրի հիշատակի համար կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի: ( Մարդիկ ամենայն ակնածանքով են խոնարհվում մեծանուն հայ Շառլ Ազնավուրի հիշատակի առջեւ, ի խորոց սրտի կսկծում նրա մահը: Նրանք Գավառի հրապարակ են գալիս ինքնաբուխ, ծաղիկներ խոնարհում ու Ազնավուրի դիմանկարի առջեւ խոնարհվում սրտանց՝ իրենց հետ տանելով մեր ազգային հերոսի հոգու պայծառ շողը, անմար հիշատակը),-նշեցին Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչները:
Շառլ Ազնավուրի դիմանկարի առջեւ ծաղկեդրման եւ մոմավառության արարողություններ են տեղի ունենում նաեւ մարզի մյուս քաղաքային եւ գյուղական բնակավայրերում:
Գեղարքունիքի մարզպետարան