Թուրք քաղաքական գործիչների միջև կոնֆլիկտ է առաջացել այն հարցի շուրջ, թե ով է ավելի շատ ջանք թափել Հայոց ցեղասպանության փաստի հերքման համար։
Մասնավորապես Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, թե «Հայոց ցեղասպանության մասին պնդումները» հերքվել են «Թուրքական պատմագիտական ընկերության», նմանատիպ պետական կառույցների և թուրք դիվանագետների ջանքերի շնորհիվ։
Իսկ հայտնի հայատյաց Դողու Փերինչեքի գլխավորած «Vatan» կուսակցության ներկայացուցիչները՝ Ֆերիթ Իլսևերը և Յունուս Սոները, համատեղ մամուլի ասուլիսում խիստ քննադատության են ենթարկել Օքթային այդ հայտարարության համար։
Իլսևերի խոսքով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) նմանատիպ հայտարարություններով մի կողմից անտեսում է եվրադատարանում (ՄԻԵԴ) թուրքական կողմի տարած հաղթանակը, մյուս կողմից՝ թաքցնում է Հայոց ցեղասպանության հարցը տարբեր երկրների խորհրդարաններում բարձրացնող իրական ուժի ով լինելու փաստը։
Ըստ նրա՝ թեև Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող ուժը համարվում է հայկական սփյուռքը, այնուամենայնիվ, իրականում խորհրդարաններում ճանաչման բանաձևերի հայտնվելուն նպաստում է ԱՄՆ-ն, որը ցանկանում է Թուրքիան աշխարհին ներկայացնել որպես ցեղասպանագործ պետություն և պառակտել այն։
Իլսևերը նաև մեղադրել է ԱԶԿ-ին՝ Հայոց ցեղասպանության փաստը հերքելու համար երկար ժամանակ ՄԻԵԴ-ում Շվեյցարիայի դեմ պայքարող Դողու Փերինչեքին չսատարելու, ավելին՝ այդ պայքարի ընթացքում Փերինչեքին հնարավոր բոլոր ճանապարհներով խանգարելու մեջ։
Թուրք գործչի կարծիքով Հայոց ցեղասպանության հարցը պատմաբաններին թողնելու վերաբերյալ ԱԶԿ-ի դիրքորոշումն իրականում Թուրքիայի անվան համար պայքարից խուսափելու հետևանք է։ Իսկ 2005թ․ ԵՄ շրջանակային պայմանագիրը ստորագրած ԱԶԿ-ն ըստ էության այդ փաստաթղթով ընդունել է Հայոց ցեղասպանությունը։
Հիշեցնենք, որ «Vatan» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը 2005թ․ Շվեյցարիայում մի գիտաժողովի ժամանակ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» էր անվանել։ Այս հայտարարության համար Շվեյցարիայի դատարանը 2008թ. նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 12 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի: Սակայն Փերինչեքը Շվեյցարիայի դեմ հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն էլ, ի վերջո, 2015թ․ որոշում կայացրեց ի օգուտ Փերինչեքի՝ նրա հայտարարությունը արդարացնելով խոսքի ազատության իրավունքով։ ՄԻԵԴ-ի այս վճիռը թուրքական կողմը ընդունեց որպես հաղթաթուղթ՝ ժխտողական քաղաքականության արդարացնելու և տարբեր երկրներում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքների դեմ պայքարելու համար։
Աղբյուր` ermenihaber.am/aydinlik.com.tr