Մեր հանդիպման ժամանակ ահա այսպես ձևակերպեց իր ներկայիս վիճակը Տավուշի մարզի Պառավաքար գյուղի միջնակարգ դպրոցի արդեն նախկին ուսումնական գծով փոխտնօրեն, մաթեմատիկայի ուսուցչուհի Նաիրա Ղայթմազյանն ու որպես ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ ինձ փոխանցեց իր բողոքի մասին դիմում: Նա, որպես փոխտնօրեն 17 տարի աշխատում էր Պառավաքարի Էդիկ Մելքումյանի անվան միջնակարգ դպրոցում և տարիներ շարունակ ականատեսն է եղել դպրոցի տնօրեն Անգին Նիգոյանի անօրինական գործերին, բայց, ինչպես Հայաստանի շատ ու շատ քաղաքացիներ, լռել է: Այս տարվա մայիսից հետո, ոգևորված հեղափոխության հաղթանակով, հավատացել է երկրում կատարվող փոփոխություններին, մեջքն ուղղել է ու իր ներսում ձայնը բարձրացած ՔԱՂԱՔԱՑԻՆ որոշել է բարձրաձայնել այն ամենի մասին, ինչին ականատեսն է եղել տարիներ շարունակ: Այդ բարձրաձայնման հետևանքը եղել է իր ազատման մասին տնօրենի մեկը մեկից անօրինական ու անգրագետ ծանուցումները, որոնք Նաիրա Ղայթմազյանն արդեն բողոքարկել է դատարանում: Ս.Թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված դիմումի մեջ ներկայացրել է դպրոցի 33 աշխատակիցներից 9-ի անուն ազգանուններն ու պաշտոնները, ովքեր տնօրենի անմիջական հարազատներն են ու մեջբերում այդ դիմումից .<ստորև ներկայացնում ենք տնօրենի ընտանիքի անդամների ու բարեկամների ոչ կիրթ և անհամապատասխան մասնագիտություններով անունները, ովքեր աշխատում են դպրոցում կամ ընդամենը գրանցված են և ոչ մի անգամ չեն հաճախել աշխատանքի>: Նմանատիպ բովանդակությամբ նամակով ու ստորագրություններով Վարչապետին են դիմել նաև դպրոցի 7 աշխատակիցներ: Այս դիմումը մինչ օրս անպատասխան է մնացել:
Իր բողոքի մասին ինձ ուղղված դիմումի մեջ Նաիրա Ղայթմազյանը թվարկում է նաև շատ փաստեր, որոնց մասին անձամբ ներկայացրել է նաև Տավուշի մարզպետին, սակայն ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի հովանավորյալ տնօրենն ինքը մնացել է կանգուն, բայց աշխատանքից ազատել է իր անօրինականությունների մասին բարձրաձայնող 23 տարվա մանկավարժական ստաժ ունեցող մանկավարժին: Մարզպետն աուդիտ ուղարկել է դպրոց, բայց շատ հետաքրքիր է, արդյո՞ք կանչել ու լսել է աուդիտի արդյունքները:
Իհարկե ես ինձ ուղղված բողոքի դիմումը կուղարկեմ ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ղեկավարին, որպեսզի դպրոցում ուսումնասիրեն կրթության որակի կազմակերպման ընթացքի համապատասխանությունը ՀՀ օրենքներին ու Պետական չափորոշիչներին, բայց այս հոդվածիս նպատակն էր ասել, որ մեր բոլորի համար անչափ թանկ թավշյա հեղափոխության շնչին դեռ անհաղորդ են մեր մարզերի քաղաքացիները, որովհետև մարզային իշխանությունները հաճախ իրենց կրթությամբ ու հմտություններով կառավարիչներ չեն, չեն կարողանում արագ ու ճիշտ կողմնորոշվել, որովհետև ոմանք պարզապես չեն տիրապետում ՀՀ-ում գործող Օրենքներին: Այնինչ մարզպետն ու իր թիմը, որպես տեղական ինքնակառավարման մարմին, որպես մարզի կառավարություն, պարտավոր է տիրապետել տարբեր ոլորտների օրենսդրական ու իրավական փաստաթղթերին: Արդյունքում, կայացվում են վախվորած ու կիսատ պռատ որոշումներ, որոնք քաղաքացու վիճակը դույզն իսկ չեն բարելավում, իսկ նման կառավարմամբ դպրոցներում միանշանակ ոտնահարվում է երեխաների որակյալ կրթության իրավունքը:
Անահիտ Բախշյան
ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ