Հոկտեմբերի 3-6-ը Բիշքեկում անցկացվում է ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանը: Այն անցնում է Անվտանգության երկխոսության աջակցությունը Կենտրոնական Ասիայում և ԵԱՀԿ տարածաշրջանում խորագրով:
Այսօր ԵԱՀԿ-ում քննարկվեցին անվտանգային հարցեր, հատկապես նոր մարտահրավերները սահմանամերձ շրջանակներում և վստահության ու ռեգիոնալ համագործակցության ամրապնդման միջոցով:
Aravot.am-ի հետ զրույցում ԵԱՀԿ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց՝ զեկուցողները երկու տարածաշրջանային առաքելություններն են ներկայացրել՝ ԵԱՀԿ-ի՝ Ղազախստանի և Տաջիկստանի գրասենյակի ղեկավարները:
Հերմինե Նաղդալյանը պատմեց, որ զեկույցներից հետո եղել է բաց բանավեճ, որի ընթացքում հանդես եկան նաև ադրբեջանցի պատվիրակները: Այս առիթով նա մանրամասնեց. «Այս անգամ ադրբեջանցիներն առանձնապես շատ ասելիք չունեին. հիմնականում խոսեցին իրենց հին թեմայի մասին, թե Հայաստանը իրենց տարածքի 20 տոկոսը գրավել է, մեկ միլիոն փախստականների մասին հիմա սկսել են ասել, թե մեր բնակիչներից ամեն իններորդն այսօր փախստական է: Խոսում էին, որ նոր ձևեր պիտի գտնել, բայց նորովիությունը այս հնարքից այն կողմ չանցավ»:
Հերմինե Նաղդալյանն ասաց, որ պատվիրակությունից միայն ինքն ու Արման Սաղաթելյանն են ներկա եղել: Մյուս անդամներից Կարեն Բեքարյանն ու Տիգրան Ուրիխանյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում էին ՀԱՊԿ-ի նիստերին, Լենա Նազարյանը նույնպես պիտի մասնակցեր, բայց մեկնելու նախորդ օրը պլանները փոխվեցին, սակայն ենթադրվում է, որ կմիանա իրենց:
Հերմինե Նաղդալյանն ասաց, թե ԵԱՀԿ ԽՎ-ում թիվս այլ հարցերի այս քննարկման թեմային հատկապես համահունչ ևս մեկ անգամ բարձրաձայնվել է նաև այն հարցը, որ Ադրբեջանի ջանքերով փակվեցին ԵԱՀԿ գրասենյակները Ադրբեջանում և Հայաստանում. «Ադրբեջանի կողմից ծրագրային կերպով խաթարվեցին տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, որ կարող էին կյանքի կոչվել ԵԱՀԿ դաշտային առաքելությունների միջոցով: Այսօր լսելով Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում ԵԱՀԿ գրասենյակների աշխատանքների մասին տեղեկատվությունը՝ իսկ այդ երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել և սկսել են իրականացնել լուրջ տարածաշրջանային համագործակցություն՝ հաղթահարելով գոյություն ունեցող հակասությունները, ներկաների համար դա առավել տեսանելի եղավ: Մենք պարոն Արման Սաղաթելյանի հետ ներկայացրինք, որ Հարավային Կովկասում գործողությունների տրամաբանությունը լրիվ հակառակ ուղղությամբ է ընթանում: Հայաստանի հարևանները Արևելքում և Արևմուտքում գործում են բացարձակ հակառակ՝ ընտրելով ոչ կառուցողական միջոցներ՝ տրանսպորտային շրջափակում, թշնամական և ագրեսիվ հռետորաբանություն, քսենոֆոբիա և արմենոֆոբիա՝ հասցված պետական քաղաքականության մակարդակի, պատերազմի վերսկսման վտանգներ»:
Մեր հարցին՝ այն ահազանգերին, թե Ադրբեջանն իր քայլերով լրջորեն խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը, ի՞նչ արձագանք է հնչել ԵԱՀԿ-ի կողմից, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Այսօր տեղի ունեցավ առաջին կոմիտեի նիստը, վեհաժողովը դեռ շարունակելու է աշխատանքները: Ընդհանուր ամփոփումները դեռ առջևում են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ