Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրավիրած նիստում ուժը կորցրած ճանաչեց Երեւանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին մասնակցած եւ ընտրական ցուցակում ընդգրկված սակայն ինքնաբացարկ ներկայացրած ավագանու անդամների գրանցումը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 135 հոդվածի 3-րդ մասով եւ հիմք ընդունելով 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ «Լույս» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուների կողմից ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները հանձնաժողովը որոշում է ուժը կորցրած ճանաչել ԲՀԿ-ի ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի, Նազիկ Ավդալյանի, Արմենակ Այվազյանի եւ Ջիվան Պողոսյանի գրանցումները եւ «Լույս» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Արտակ Զեյնալյանի գրանցումը:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քվեարկությամբ եւ կողմ ձայներով նախագիծը հաստատեցին:
Oրակարգում ընդգրկված էր նաեւ ավագանու ընտրված անդամներին գրանցելու հարցը:
Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց, թե որ կուսակցությունն ու դաշինքը որքան մանդատ է ստացել եւ մեկ առ մեկ հրապարակեց ավագանու անդամների անունները: Ըստ ԿԸՀ նախագահի՝ «Իմ քայլը» դաշինքը ստացել է 57 մանդատ, ԲՀԿ-ն 5 մանդատ եւ «Լույս» կուսակցությունների դաշինքը՝ 3 մանդատ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ