Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դպրոցներում կուսումնասիրվեն սննդի անվտանգության հարցերը և դրանց կապը առողջական խնդիրների հետ

Հոկտեմբեր 04,2018 16:02

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՌԴ Պարենային անվտանգության Եվրասիական կենտրոնի աշխատակիցներին, մասնավորապես, Մոսկվայի պետական համալսարանի լաբորատոր ախտորոշման բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող բ.գ.թ. Լարիսա Սամոխոդսկայային, ՄՊՀ-ի ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ, սրտաբան, գիտաշխատող Անդրեյ Պիրոգովին, ՄՊՀ-ի բժիշկ ներզատաբան, գիտաշխատող Անաստասիա Ֆաբրիչնայային, ՄՊՀ-ի բժշկական գիտաուսումնական կենտրոնի տնօրենի տեղակալ, հեռուստաբժշկության կենտրոնի վարիչ Արտաշես Արմաղանովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայաստանյան շուրջ 60 դպրոցում սննդամթերքի անվտանգության, դպրոցականների սնուցման կազմակերպման ուսումնասիրության և դպրոցականների ֆիզիկական զարգացման վրա անառողջ սնուցման ազդեցության հետազոտական ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախարար Թորոսյանը կարևորել է համատեղ ջանքերով նախաձեռնության իրականացումն այն առումով, որ նախատեսված 1 տարի 8 ամիս տևողությամբ ծրագրի նպատակն է ուսումնասիրել դպրոցներում սննդամթերքի անվտանգության հարցերը, սնուցման կազմակերպումը և բացահայտել տարրական դասարաններում սնուցման և ֆիզիկական զարգացման պատճառահետևանքային կապերը:

Պարենային անվտանգության Եվրասիական կենտրոնի աջակցությամբ իրականացվելիք ծրագրով խնդիր է դրված գնահատել ընտրված 60 դպրոցում սնուցման կազմակերպման գործընթացի համապատասխանությունը ՀՀ-ում գործող օրենսդրությանը, որոշել դպրոցում իրացվող սննդամթերքում տրանսճարպերի և շաքարի քանակը, 7200 երեխաների ծնողների շրջանում երեխաների սնուցման վերաբերյալ հարցախույզ իրականացնել և գնահատել երեխաների ֆիզիկական զարգացման ցուցանիշերը` քաշ, հասակ, մարմնի զանգվածի ցուցանիշ:

Ուսումնասիրության արդյունքների վերլուծության հիման վրա պետք է վերհանվեն բացերը և անհրաժեշտության դեպքում օրենսդրական փոփոխությունների առաջարկներ ներկայացվեն, միաժամանակ նաև դպրոցի անձնակազմի, երեխաների և նրանց ծնողների համար կրթական ծրագրերի մշակվեն և իրականացվեն: Որպես վերջնարդյունք նպատակ կա բարելավել երեխաների ֆիզիկական զարգացման ցուցանիշերը:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` աշխարհում 5-19 տարեկան ազգաբնակչության շրջանում ճարպակալումն ավելացել է շուրջ 10 անգամ` 2017թ. 1975թ. համեմատ 11 միլիոնից հասնելով 124 միլիոնի:

ՀՀ բնակչության շրջանում հետազոտությունները ցույց են տվել, որ մինչև 5 տարեկան երեխաների մոտ 4%-ը թերքաշ է, 14%-ն ունի ավելորդ քաշ, իսկ 9%-ը թերաճ է: ՀՀ-ի 6-9 տարեկանների տարիքային խմբում քաշի խանգարումների (թերսնուցում, ավելորդ քաշ) տարածվածության, ինչպես նաև սնուցման և քաշի խանգարումների պատճառահետևանքային կապերի բացահայտման նպատակով հետազոտություններ չեն իրականացվել:

Բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանման և ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների նվազեցման նպատակով ՀՀ-ում դեռևս 2015 թվականից մեկնարկել է բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագիրը, որի կարևոր ռազմավարական ուղղություններից է բնակչության շրջանում առողջ սնուցման մշակույթի ձևավորումը՝ օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաև բնակչության և հասարակության տարբեր խմբերի շրջանում լայնածավալ իրազեկման միջոցով:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031