Գ Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի տարածքում բացվել է Ֆրանսիայում բնակվող հայ ճանաչված նկարչուհի Ասիլվայի ցուցահանդեսը, որը Ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովի ծրագրերի շրջանակներում է։
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հիշեցրեց, որ նկարչուհին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության հիմնադիրն է, առաջին քրիստոնյա կինը, որ 1973 թվականին արժանացել է Թուրքիայի ՝ Արվեստի նվաճումների համար պետական մրցանակի, Ֆրանսիական կերպարվեստի ազգային խորհրդի Կերպարվեստի միջազգային ասոցիացիայի անդամ է: Նա ասաց, որ տպավորված է Ասիլվայի ցուցահանդեսով:
«Հետաքրքիր գունային խաղ կա: Շատ են խորհրդանիշները, մեր բարեկամ երկրների դրոշների գույների առկայությունը կա…Այս ցուցահանդեսը հարստացնում է Ֆրանկոֆոնիայի միջոցառումների ցանկը»,-ասաց նախարարը:
Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոթն ասաց, որ ուրախ է մասնակցելու ոչ սովորական ցուցահանդեսի, որն ընթանում է ոչ սովորական շաբաթվա ընթացքում: Նա նաեւ ափսոսանք հայտնեց, որ այս շաբաթ կորցրել ենք, իր խոսքերով, հայ-ֆրանսիական հարաբերությունների խորհրդանիշ, Ազնավուրին, որը մարմնավորում էր երկու երկրների կապը:
Անդրադառնալով Ասիլվայի ցուցահանդեսին, Ժոնաթան Լաքոտն ասաց. «Ներկայացված ստեղծագործություններում բացահայտում ենք գույներ, որոնք հոգեհարազատ են մեզ` ինչպես կապույտը, սպիտակը, կարմիրը կամ կարմիր, կապույտ, ծիրանագույնը եւ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրները խորհրդանշող շատ ու շատ երանգներ»:
Նրա ձեւակերպմամբ, վայրը կարեւոր, խորհրդանշական վայր է Հայաստանի մշակույթի համար, վայր, որտեղ հոկտեմբերի 10-ին կհյուրընկալվեն Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներ, ուսանողներ. «Այլ կերպ ասած, երիտասարդ ֆրանկոֆոններն իրենց համար կըմբոշխնեն այս խորհրդանշական վայրի գեղեցկությունները:Քանի որ հյուրընկալված ենք Մայր թատրոնում, հույս ենք հայտնում, որ այստեղ կհյուրընկալվեն ֆրանսիական ստեղծագործություններ, գուցե նաեւ ֆրանսիական թատերախմբեր»:
Մանրամասները` տեսանյութում:
«Այս միջոցառումը գալիս է համալրելու Ֆրանկոֆոնիայի շրջանակում կազմակերպված միջոցառումների շարքը, հիշեցնեմ նաեւի, որ այսօր դեռ Ազնավուր կենտրոնում ընթանում է «Մայիս 68 Փարիզից մինչեւ մայիս 2018 Երեւան» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Սրանով առիթ կլինի հարգանքի տուրք մատուցել Շարլ Ազնավուրին, որի պատվին ստեղծվել էր Ազնավուր կենտրոնը: Իսկ շատ շուտով ֆրանկոֆոնիայի անդամ շատ երկրներ կհանդիպեն ֆրանկոֆոնիայի ավանում: Ստացվում է այնպես, որ շաբաթվա այս օրերին եւ առաջիկայում Երեւանը կհայտնվի ֆրանկոֆոն կառույցների ուշադրության կիզակետում»,-ընդգծեց դեսպանը:
Մանրամասները` տեսանյութում:
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստն ասաց, որ հաճույքով է ներկա գտնվում Ասիլվայի ցուցահանդեսին: «Ես կցանկանայի, որ այստեղ ներկա գտնվողներն իմանան, որ Ասիլվայի ընտանիքը ստանձնել է նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների մեկենասությունը` ուսանողներին հատկացնելով կրթաթոշակներ: Ասիլվայի ընտանիքը նաեւ հյուրընկալում է իրավաբանական մասնագիտացում ունեցող ուսանողներին, երբ նրանք մասնագիտական պրակտիկա են անցնում Ֆրանսիայում: Բացի անվանի արվեստագետ լինելուց, Ասիլվան իր ընտանիքով օժանդակում է Հայաստանի իրավաբանության ոլորտի վաղվա մասնագետներին»,-տեղեկացրեց ռեկտորը
Մանրամասները` քիչ անց` տեսանյութում:
Ասիլվան ասաց, որ դեսպան Լաքոտն է իրեն ոգևորել, որ կայանա այս ցուցահանդեսը: Նա ասաց, որ ցուցահանդեսը յուրահատուկ է, բոլոր կտավները հատուկ այս ցուցահանդեսի համար է արել` ֆրանկոֆոնիական միջոցառումների համատեքստում: Նկարչուհին ասում է, որ երկու երկիր ունի` Հայաստանն ու Ֆրանսիան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ