Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին հատ առ հատ հրապարակել, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ի՞նչ դեպքեր են եղել, որովհետեւ, ըստ նրա, չեն հաստատվում այդ տեղեկությունները, թե ապակիներ են ջարդվել, մեքենաներ վնասվել, միջադեպեր են եղել:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Աշոտյանը վարչապետին խնդրել էր զբաղվել այդ միջադեպերով՝ անկախ քաղաքական ճամբարի պատկանելությունից:
Armlur.am-ի հրապարակմամբ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը եւ «Ծառուկյան» խմբակցությունից Արայիկ Աղաբաբյանն ու Վանիկ Ասատրյանը հայտարարել են, որ իրենց ավտոմեքենաների անվադողերն են ցուցարարները ծակել՝ իրենց պատճառելով նյութական վնաս:
Այսօր Aravot.am-ը զրուցեց Արայիկ Աղաբաբյանի հետ: Վերջինս հավաստիացրեց, որ կոնկրետ իր մեքենան որեւէ վնաս չի կրել. «Իմ մեքենան այնտեղ չի եղել, որ վնաս լիներ, դա իմ մեքենան չի եղել»:
Պարոն Աղաբաբյանը փոխանցեց, որ «իմ ընկերների մեքենաներին է եղել»: Մենք հարցրեցինք՝ շա՞տ վնաս է եղել, նյութական վնասը որքա՞ն է, ապակինե՞րն են կոտրել: Նա պատասխանեց. «4 անիվներն էլ ծակված էին»: Իսկ ապակիները կոտրած չեն եղել:
Ավելի ուշ պարզվեց, որ պարոն Աղաբաբյանը, ասելով, որ «իմ ընկերների մեքենաներն են եղել», նկատի ուներ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանին:
Մենք զրուցեցինք նաեւ վերջինիս հետ, մանրամասները՝ շուտով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ