Օգոստոս-սեպտեմբերին շատ ներդրողներ են եկել աշխարհի բոլոր երկրներից: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը: «Պետք է ասեմ, որ քաղաքական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, շատ դրական են ընկալվում գործարարների կողմից՝ անկախ նրանից, թե այդ գործարարները որ երկրներից են»,- ասաց նա:
Լրագրողների այն դիտարկմանը, որ վարչապետ Փաշինյանը վստահեցնում է, որ արագացված արտահերթ ընտրությունները առաջին հերթին հարկավոր են տնտեսության զարգացման համար եւ քանի դեռ քաղաքական ճգնաժամ է երկրում, արտահերթ ընտրություններ չեն եղել, ներդրողների ու տնտեսության համար անորոշություններ կան, Գասպարյանը պատասխանեց, որ առաջին հերթին արտահերթ ընտրությունները ժողովրդի պահանջն են:
«Քաղաքական այս իրավիճակը բացարձակ որևէ ազդեցություն չի ունենա տնտեսության վրա, քանի որ Հայաստանում վիճակը կայուն է: Քաղաքապետի ընտրությունները քաղաքական ռեալության արդյունք են: Այդ քաղաքական ռեալության արձանագրումը նաև կլինի խորհրդարանական ընտրություններից հետո: Արտահերթ ընտրությունները բացարձակ կապ չունեն ներդրողների կամ գործարարների հետ: Բոլոր ներդրողները, գործարարները, ովքեր եկել են մեր գրասենյակ, կառավարություն և հետաքրքրված են բազմաթիվ ծրագրերով, առաջին հերթին նշում են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունը: Այսինքն՝ օտարերկրյա ներդրողին առաջին հերթին հետաքրքրել է քաղաքական փոփոխությունը, որը տեղի է ունեցել»,- ասաց Գասպարյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ