Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Առաքելյանը ոստիկանությանը չի ասել, որ հարձակում չի եղել, պարզապես պատճառաբանել է, թե ինչու չի ուզում բողոքել

Հոկտեմբեր 04,2018 14:24

Երեկ ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետի ուշադրությունը հրավիրեց ՀՅԴ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի նկատմամբ տեղի ունեցած միջադեպի վրա. «Կարծում եմ, որ եթե խոսում ենք արդարության մասին եւ արդարության գերակայության մասին, ապա այն պետք է լինի բոլորի համար: Ես ակնկալում եմ, որ կառավարությունը, ուժայինները, որոնք ձեզ լսում են ցանկացած հարթակից, ստանան ձեզանից հանձնարարական պարզելու մեր գործընկերոջ հանդեպ տեղի ունեցածի հանգամանքները, մեղավոր անձանց»: Դրանից հետո ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի ոստիկանությունից հեռախոսազրույց են ունեցել պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հետ, վերջինս ոստիկանության ծառայողին հայտնել է, որ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել․ ընդամենը վեճ է տեղի ունեցել հավաքված կանանցից մեկի հետ։ Պատգամավորը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը մտահոգության համար եւ խնդրել, որ այդ կապակցությամբ իրեն չայցելեն, ոչ էլ հրավիրեն ոստիկանություն։

Aravot.am-ի հետ զրույցում Ռուզաննա Առաքելյանն ասաց, որ ոստիկանությանը չի ասել, որ հարձակում չի եղել, պարզապես պատճառաբանել է, թե ինչու չի ուզում բողոքել. «Աղջկաս վրա ազդում է այս ամեն ինչը, իմ երեխայի հոգեկան վիճակն ինձ համար ավելի կարեւոր է: Իրենք ընկալում են, որ պիտի խփեին, որ հարձակո՞ւմ լիներ: Կին էր, որը բորբոքված էր, ինչպես միտինգի բոլոր մասնակիցները, ես իրեն հանդարտեցրի: Եթե չհանդարտեցնեի, կարող էր ավելի բորբոքվել: Ինքն ուղղակի թեւիցս պինդ քաշեց, ինչպես բոլոր պատգամավորների հասցեին են ասում՝ որակումներ տվեց, թե դուք դավաճան եք…: Իսկ ոստիկանությանը հիմա էլ եմ ասում՝ չեմ բողոքում, չեմ ուզում այդ գործին ընթացք տալ, որովհետեւ իմ աղջկա ապրումներն ինձ համար կարեւոր են, այլեւս չեմ ուզում այս թեման շարունակել, ուզում եմ թեման փակել: Եթե ես բողոքեի, ես ինքս ոստիկանություն կդիմեի: Ես չեմ բողոքել, դա նշանակում է, որ պատճառ ունեմ: Խնդրում եմ այլեւս այս հարցին չանդրադառնալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031