Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լովոչկինայի դեմ դեմարշը հիշեցնում է այն, որ ռոբասերժական ռեժիմի ներկայացուցիչները Մեթյու Բրայզային անվանում էին Բուշի, թե Քլինթոնի վարսավիր.Նաիրա Զոհրաբյան

Հոկտեմբեր 04,2018 13:56

«Ես հասկանում եմ, որ Դանիել Իոաննիսյանն ամբողջ ոգով լծված է պաշտպանել կոնկրետ քաղաքական ուժի շահերը»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատի ՀՀ կառավարությանը կից ԸՕ հայեցակարգը մշակող հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի՝ ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինայի մասին հայտարարությունը, թե նա մշտապես տանում է ՀՀԿ-ականների գիծը, այսպես արձագանքեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցածից հետո Դանիել Իոաննիսյանը իրավունք չունի խոսել օբյեկտիվությունից և անաչառությունից:

Դառնալով Յուլյա Լովոչկինայի հասցեին հնչեցվածին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Պարոն Իոաննիսյանը և Լովոչկինային՝ ՀՀԿ-ի խոսնակ համարողները, եթե ծանոթ լինեին ԵԽԽՎ կանոնադրությանը և թե ինչ փաստաթուղթ է ստորագրում մեզնից յուրաքանչյուրը շահերի բախման հետ կապված և բախումը ինչ սանկցիաներ է ենթադրում, նման դիլետանտ հայտարարություն չէին հնչեցնի»:

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ զեկույցում ոչ մի արտառոց բան չկա. «Լովոչկինան ասել է, որ բոլոր քաղաքական ուժերը պիտի ունենան ադեկվատ ժամանակ ընտրություններին պատրաստվելու համար: Դրա ինչի՞ն  են դեմ: Այսինքն՝ մեկ քաղաքական ո՞ւժ ունենա իր համար բարենպաստ միջավայր ընտրություններին գալու համար: Ասել է՝ ողջունելի է կառավարության քայլերը երկրում կոռուպցիայի դեմ պայքարի համար, բայց դրանք պիտի հիմնվեն ոչ թե փողոցի արդարադատության, այլ արդար դատական համակարգի վրա: Ի՞նչ է վա՞տ բան է ասել, թե՞ ցանկանում են մարդիկ, որ հրապարակներում իրականացվի արդարադատություն այն էլ ոչ թե Աթենքի ագորայի, այլ նովգորոդյան վեչեի ոգով»:

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ չի կարելի կրկնել այն խայտառակ սխալները, ինչ անում էր սերժաքոչարյանական ռեժիմը: Այս առիթով Նաիրա Զոհրաբյանը հիշեց, որ ժամանակին էլ ինչ զեկույց գալիս էր Եվրոպայից, որը նրանց քիմքին հաճելի չէր, այդ ռեժիմի ներկայացուցիչներն ասում էին, թե ընդդիմության պատվերն է. «Այս դեմարշը Լովոչկինայի դեմ ինձ այնքան է հիշեցնում ՀՀԿ-ի դեմարշը, երբ այդ ռեժիմի ներկայացուցիչները դեմ էին արտահայտվում այն զեկույցներին, որոնք իրենց քիմքին չէին: Հիշում եք՝ Մեթյու Բրայզայի հայտարարությունը, որին, կներեք, քոչարյանասերժական ռեժիմը համարեց Բուշի, թե Քլինթոնի վարսավիրը»:

Նաիրա Զոհրաբյանը զգուշացրեց՝ այս ձեռագրով գնում են դեպի ռոբասերժական համակարգի վերականգնում պարզապես այլ դեմքերով և խաղացողներով:

ԵԽ-ի հետ հարաբերությունների վտանգների առումով Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ՀՀ-ի մասով հաջորդ զեկույցը կոշտ է լինելու, եթե շարունակվի ռոբասերժական գործելաոճը: Նա հիշեցրեց՝ իրենք  սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը ողջունել են, բայց «մեր դեմ խաղ չկա»-ի նոր ձևակերպումը, որը հիմա էլ այլ կերպ է փորձ արվում ներկայացնել, միևնույն է բան չի փոխում. դա մնում է նույն «մեր դեմ խաղ չկա»-ն:

Նաիրա Զոհրաբյանը համամիտ է Դանիել Իոաննիսյանի հետ, որ Վենետիկի հանձնաժողովի 12-ամսյա երաշխավորությունը չպահպանվի, բաց միևնույն ժամանակ կարծում է. «Բոլորս էլ հասկանում ենք, որ հիմա գտնվում ենք փխրուն քաղաքական իրավիճակում. քաղաքական նոր խաղի կանոններ է, պարտադիր չէ, որ այդ ժամկետը պահպանվի: Բայց որ անհրաժեշտ է ռացիոնալ ժամանակ, որ կատարվեն ԸՕ բարեփոխումները, դա ակնհայտ է: Կառավարության ծրագրում ամրագրված է, որ պիտի ներդրվի մատնահետքերի նույնականացման միասնական սանդղակ կամ դրան համարժեք որևէ այլ միջոց, կրկնաքվեարկությունը զսպելու և բացառելու համար մի շարք քայլեր պիտի արվեն, որից հետո բոլորս պատրաստ կլինենք խորհրդարանական ընտրությունների: Սակայն նույնիսկ եթե հիմա էլ ճանապարհային քարտեզը կազմենք ու վաղը սկսենք այդ գործընթացը, ինձ համար տեսանելի չէ, որ այդ գործընթացը մեկ ամսում կավարտենք:

Զրույցի ավարտին Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց՝ ամեն ինչ պիտի լուծվի բանակցությունների ճանապարհով. «Պատրաստ ենք միասին հեղափոխության արդյունքները դարձնել անշրջելի, բայց երբ փորձում են ուժի օրենքով ճնշել և ժողովրդի մի հատվածով սպառնալ, այստեղ արդեն բնական է, որ պիտի հանդիպեն դիմադրության»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031