Անդրադառնալով հարցին, թե՝ ի՞նչ տեղի կունենա, եթե արտահերթ ընտրությունները եկող տարվա մայիսին լինեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ քաղաքական ճգնաժամը կշարունակվի, ապա հավելեց. «Երկրում ճգնաժամ է հաստատված: Մենք պատրաստվում ենք լուծել ճգնաժամը եւ կլուծենք: Կարծում եմ՝ ՀՀ քաղաքացիները լիարժեք պատրաստ են ե՛ւ պլան Ա-ին, ե՛ւ պլան Բ-ին, ե՛ւ նույնիսկ պլան Գ-ին»:
Ի՞նչն է նա համարում ճգնաժամ: Այն, որ խորհրդարանում չունի մեծամասնությո՞ւն: Այսինքն՝ արդեն ընդհանրապես չունի, քանզի հետեւողականորեն սրեց հարաբերությունները իրեն սատարած ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, մնացել է իր ասած՝ 3 ձայնի վրա:
Խիստ հակիրճ կրկնենք, որ մինչեւ իր նախաձեռնությամբ իրավիճակի արհեստական լարվածություն նախաձեռնելը չի եղել դեպք, որ կառավարությունը որեւէ նախաձեռնություն ներկայացնի խորհրդարան ու մերժում ստանա՝ չունենալով մեծամասնություն: Դա՞ է ճգնաժամը: Դա ավելի շուտ անսովոր քաղաքական իրավիճակ է, այլ ոչ ճգնաժամ:
Այլ հարց, որ արհեստականորեն փորձ է արվում դա դարձնել ճգնաժամ, իսկ ԱԺ արտահերթ ընտրություններն էլ մի երանելի նպատակ՝ փաթեթավորելով այդ ամենը որպես «համաժողովրդական պահանջ»:
«Քանի դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունեցել, ներքաղաքական ճգնաժամը խորանում է, այն հաղթահարելու միակ տարբերակը արտահերթ ընտրություններն են,- երեկ ասաց Փաշինյանը:- Ես ասում էի, որ կա երկու տարբերակ. մինչ ընտրությունները խորհրդարանական խմբակցությունների հետ գնալ համագործակցության եւ կամ ոչ համագործակցության մթնոլորտում: Եթե իրենք հակված լինեն աշխատել, մենք պատրաստ ենք միջազգային պրոֆեսիոնալ կազմակերպություններին ասել՝ ինչ փոփոխություններ ուզում եք՝ առաջարկեք Ընտրական օրենսգրքում: Մենք որեւէ խնդիր չունենք»:
Թե ինչպիսի կամ ինչ կարգի «համագործակցության մթնոլորտ» է պատկերացնում Նիկոլ Փաշինյանը, կարծում ենք՝ տեսանելի է: Հակիրճ, նրա պատկերացրած մթնոլորտը հանգում է մնացյալ բոլոր ուժերին հակահեղափոխական պիտակելուն, իր դուդուկի տակ չպարող ուժերին ինքնասպան հռչակելուն, առհասարակ՝ մյուսների հասցեին վիրավորական ու գռեհիկ արտահայտություններ անելուն, կողմնակիցների միջոցով հետեւողական վարկաբեկող, հայհոյական հայտարարություններ, սպառնալիքներ ու ստեր տարածելուն: Դա էլ՝ փաթեթավորած որպես «ժպիտների, սիրո, համերաշխության» չգիտեմ ինչ:
Տ. ՄԻՐԶՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում